Խորտակվող հարավկորեական նավից առաջին ահազանգը երեխա է հնչեցրել
Ապրիլի 16-ին Հարավային Կորեայի ափերի մոտ խորտակվող «Սևոլ» նավից առաջին ահազանգը հնչեցնողը երեխա է եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նավի ճակատագրական շրջապտույտից 3 րոպե անց վախեցած երեխան ահազանգել է արտակարգ կանչերի 119 ծառայություն:
Նրա զանգը միացվել է հակահրդեհային ծառայությանը, ևս 2 րոպե անց երեխային միացրել են առափնյա պաշտպանության ծառայության հետ: Նրա ձայնը դողացել է, և որոշ ժամանակ է պահանջվել՝ պարզելու համար, թե որ նավի մասին է խոսքը: Ապա նրան խնդրել են հեռախոսը փոխանցել կապիտանին:
Դրանից հետո խորտակվող նավից ևս 20 ահազանգ է ստացվել երեխաներից. նավը, հիշեցնենք, հիմնականում դպրոցականների էր տեղափոխում:
Առաջինն ահազանգած երեխան այժմ անհետ կորածների թվում է։ Փրկվածները հայտնել են, որ նավի անձնակազմը աղետի պահին քայլեր ձեռնարկելու փոխարեն ուղևորներին հորդորել է մնալ իրենց տեղերում:
Իսկ կապիտանը, ինչպես հայտնի է դարձել, նավն առաջինը լքողների թվում է եղել: Այժմ նրան սպառնում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում:
«Սևոլը» խորտակվել էր ապրիլի 16-ին: Այժմ դեպքի վայրում 550 փրկարար, 212 նավ է աշխատում:










