Գյումրու դեպոյի լոկոմոտիվային բրիգադներն ամբողջ կազմով նախազգուշական գործադուլ կանեն

22:38 • 22.04.14

Գյումրու դեպոյի լոկոմոտիվային բրիգադներն ամբողջ կազմով` 80 հոգով, նախազգուշական գործադուլ են անելու ապրիլի 25-ին, ժամը՝ 8:00-ից 10:00-ը, ինչի մասին բրիգադը արհմիության ղեկավարի միջոցով պատշաճ տեղեկացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցին: Այս մասին տեղեկացնում է Գյումրու «Ասպարեզ» ակումբի կայքը։

 

Ավելի վաղ Գյումրու դեպոյի լոկոմոտիվային բրիգադները դիմել էին նույն պաշտոնյաներին՝ 12 կետերից բաղկացած պահանջագրով, որով առաջարկել էին բարելավել իրենց աշխատանքային պայմանները, այդ թվում` ավելացնել գործուղման վճարները, աշխատավարձերը, նվազեցնել մի շարք պարտականություններ, որոնք իրենց չեն վերաբերվում, սակայն իրենց վրա են դրված, վերացնել երկաթուղային պատահարների դեպքում բրիգադների աշխատակիցների քաշքշուկները հեռավոր ոստիկանական ուղեմասեր ներկայանալու համար, պարգևագումարների չափերի պահպանում և այլն:

 

Այս առաջարկներին Վիկտոր Ռեբեցը պատասխանել է երեք էջանոց նամակով, որի բովանդակությունը, ընդհանուր առմամբ, չի գոհացրել Գյումրու դեպոյի լոկոմոտիվային բրիգադներին, և վերջիններս որոշել են գնալ ծայրահեղ քայլի` մինչև անժամկետ գործադուլի հայտարարումը կազմակերպել նախազգուշական գործադուլ:
Մանրամասներն այստեղ։