Հայոց ցեղասպանության հարցով մենք զբաղվել ենք դիպվածային, անգամ ոչ հատվածական. Հրանուշ Խառատյան
Tert.am-ի հետ զրույցում ազգագրագետ, Նախախորհրդարանի անդամ Հրանուշ Խառատյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության տարելիցին, աշխարհից հայության սպասելիքներին, նշեց, որ միայն միջազգային ճանաչման վրա կենտրոնանալը փակեց մեր մտքի ճանապարհը: «Ճանաչեց էս երկիրը, այն երկիրը, 20 երկիր: Նոր, հետագա միտքը դադարեց էդ ուղղությամբ աշխատել: Թե ՛մեր, թե՛ Սփյուռքի: Եվ եթե մե՛ր միտքը դադարեց աշխատել, գուցե թե պատճառը նաև այն էր, որ մենք՝ լինելով շրջափակված երկիր, մեր ներսում ինքներս մեզ ուտելով, մեր օլիգարխների խնդիրներով սկսեցինք զբաղվել, հասարակության նվաստացված վիճակով սկսեցինք զբաղվել, օրակարգից դուրս մնաց Հայոց ցեղասպանության վերաբերյալ միտք աշխատեցնելը։ Սփյուռքն էլ այս միջազգային ճանաչումից ավել օրակարգ կարծեք թե չունի»,-ասաց նա նշելով, որ եթե ինքնիշխանության ավելի բարձր մակարդակում չունեինք ձևակերպված, ամբողջական օրակարգ, ապա ի՞նչ է լինելու եվրասիականության ճանապարհով գնալուց հետո:
-ԱՄՆ դեսպանը երեկ հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օմաբան շատ «ուժեղ» ՝ ազդեցիկ հայտարարություն է անելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Չնայած մենք՝ հայերս երբեմն-երբեմն խոստովանում ենք, որ ամեն տարի չպետք է սպասել աշխարհի ուժեղներից նման բառերի ու բառակապակցությունների, այնուամենայնիվ, ամեն տարի սպասում ենք: Դրանք, ըստ Ձեզ, արդարացվա՞ծ սպասումներ են։
-Ես, ճիշտն ասած, այս վերջին տասը տարին նկատի ունենալով, չեմ կարծում, որ հայ հանրությունը շունչը կտրած սպասում է, կարծում եմ, որ ավելի շուտ մամուլն է այդ մասին խոսում՝ ամերիկյան դիվանագետները ի՞նչ բառեր կարտասանեն: Եվ նաև ամերիկյան շրջանակները, նրանք են դրան շատ ակտիվ անդրադառնում. ենթադրում եմ, որ դա նրանց քաղաքական գործունեության ցուցադրման ձևերից, հնարավորություններից մեկն է: Ես չեմ կարծում, որ մենք՝ հանրությունը սպասում է, բայց վստահ եմ, որ մենք կարծում ենք, որ Ցեղասպանության ճանաչման ճանապարհը ուրիշներն են անցնելու, անելու: Եվ նաև մենք՝ հայերս, շատ ենք սիրում քննարկել, թե ինչու ուրիշները ոչինչ չեն անում, չեն հայտարարում, որ թուրքական իշխանություններին եվրոպացիները օգնեցին, ռուսները օգնեցին, ուրիշները… Ամեն ինչ ասվեց, ու հիմա սպասում ենք, որ էդ ուրիշները ինչ հարց լուծեն, չգիտեմ: Եվ ընդհանրապես՝ ասենք, թե ասաց Բարաք Օբաման անգլերենով կարտասանի ցեղասպանություն բառը–խմբ.), իսկ մենք մեր ծրագիրն ունե՞նք՝ հետո ինչ ենք անելու: Չունենք մեր ծրագիրը, Ցեղասպանության հարյուրամյակը մոտեցավ, մենք մինչև էսօր ծրագիր չունենք, թե ինչ ենք ուզում Հայոց ցեղասպանության ճանաչումից: Ի՞նչ է դրանից բխելու: Եթե ԱՄՆ-ն էլ ճանաչեց, եթե նույնիսկ Թուրքիան ճանաչեց, ի՞նչ քայլ է բխելու, ո՞վ է որոշելու էս խնդիրը. ԱՄՆ-ը՞, ՄԱ՞Կ-ը, Եվրամիությու՞նը, ո՞վ է որոշելու, թե Ցեղասպանության ճանաչումից հետո գործողությունները որոնք են լինելու:
-Ըստ հայտարարվածի, եթե չեմ սխալվում, նախ հասնել միջազգային ճանաչման:
-Տևական ժամանակ գնացինք նրան, որ է՛ս երկիրը ճանաչի, է՛ն երկիրը ճանաչի, և վերջում էլ ամեն ինչ արեցինք, որ էդ գործընթացն էլ կանգնի: Չնայած, սկզբի համար խորհրդային տարածքից դուրս գալուց, հետո երբ դեռ թարմ էին հիշողությունները, որ Ցեղասպանությունը արգելված թեմա է՝ գրելը, խոսելը, կարծեք թե սկսեց ձևավորվել Հայաստանի համար արտաքին քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության խնդիր: Բայց ի՞նչ խնդիր. աստիճանաբար, կարծում եմ՝ նույնիսկ չծրագրված այս կամ այն հայ դեսպանի ջանքերով, կամ՝ այս կամ այն երկրի՝ տվյալ դեպքում շահերի բերումով (Թուրքիայի վրա ճնշում գործադրելու մասով), կամ՝ Հայաստանի նկատմամբ բարեկամ երկրների ջանքերի բերումով տարբեր երկրներում եղան ճանաչումներ:
-Լավ, չանեի՞ նք:
-Չեմ առարկում, բայց դա նաև փակեց մեր մտքի ճանապարհը. ճանաչեց էս երկիրը, այն երկիրը, 20 երկիր: Նոր, հետագա միտքը դադարեց էդ ուղղությամբ աշխատել: Թե՛մեր, թե՛ Սփյուռքի: Եվ եթե մե՛ր միտքը դադարեց աշխատել, գուցե թե պատճառը նաև այն էր, որ մենք՝ լինելով շրջափակված երկիր, մեր ներսում ինքներս մեզ ուտելով, մեր օլիգարխների խնդիրներով սկսեցինք զբաղվել, հասարակության նվաստացված վիճակով սկսեցինք զբաղվել, օրակարգից դուրս մնաց Հայոց ցեղասպանության վերաբերյալ միտք աշխատեցնելը, Սփյուռքն էլ այս միջազգային ճանաչումից ավել օրակարգ կարծեք թե չունի: Ինչ-որ ապահովագրական խնդիրների վրա իրավաբաններն աշխատեցին…դա մի քայլ էր, որ իրավունքի խնդիրը հրապարակ գա…
-Այսինքն՝ ըստ Ձեզ՝ Հայոց ցեղասպանությունը մեր օրակարգում եղել է հատվածակա՞ն:
-Ես կասեի՝ դիպվածային, որովհետև «հատվածական» նշանակում է՝ ծրագրի մի հատված: Ես չգիտեմ մի ծրագիր, որի մի հատվածը եղել է, ես գիտեմ դիպվածներ, դիպվածային ինչ-որ ցույցեր:
-Տիկին Խառատյա՛ն, վստահ եմ, որ ինչ-որ միջոցառումների ցանկ կհրապարակվի, կստեղծվեն տարբեր հանձնաժողովներ՝ այստեղ և սփյուռքում, գիտաժողովներ կանցկացվեն: Հարցս ավելի լայն է՝ ի՞նչ եք կարծում՝ 100-ամյա տարելիցից հետո, երբ մեր սպասումները կարդարանան կամ ոչ, գուցե մասնակի, հատվածաբար, պե՞տք է նոր մոտեցում այդ հարցի վերաբերյալ, և այդ ցավը, որ նշեցիք, որ մեզ ուտում է, պե՞տք է նոր վերաբերմունք այդ ցավի նկատմամբ:
-Սկզբունքորեն նույնիսկ «100-ամյակի միջոցառումներ» բառակապակցությունը նույնիսկ ինձ համար վիրավորական է թվում: Հարյուրամյակը մենք գոնե ծրագրով պետք է մտնեինք, որ չլիներ շատ ուշացած, իսկ հարյուրամյակին, ես կարծում եմ, ըստ էության սպասվում են, էսպես… միջոցառումներ ոգեկոչման, միջոցառումներ անդրադարձերի, միջոցառումներ պատմական, բայց չկա ոչ մի քաղաքական քայլ: Այսինքն՝ օրինակ՝ Հայաստան պետությունը Թուրքիա պետության նկատմամբ, նրան դիմելու, մի փոքր ուղերձ, մի որևէ ձևակերպված խնդիր կարծեք թե չունի: Հիմա. հարյուրամյակն է, թե հարյուրամյակից հետո է, երբևէ դա լինելո՞ւ է, թե չի լինելու: Առավել ևս՝ Մաքսային միության և այլ եվրասիական ինտեգրումների նախաշեմին: Ընդհանրապես տարակուսելի է, որ մենք երբևէ այդ հարցը ձևակերպված կունենա՞նք, եթե մեր ինքնիշխանությունն ունենալու ժամանակ չունենք, ոչինչ չենք արել, շատ տարակուսելի է, որ մենք կարող ենք ունենալ էնպիսի մի բան, որը հայության խնդիր լինի, ոչ թե եվրասիականության կամ ՄՄ-ի մեջ մտնելու, որտեղ Ղազախստան կա, որը հայտնի դիրքորոշում ունի… Մենք հիմա մտնում ենք մի գործընթաց, որը բացարձակ հետին պլան կմղի մեր համար այսքան կարևոր խնդիրը:
- Սերժ Սարգսյանի՝ Պաշտպանության նախարարությունում արված հայտարարությունը, որում կարծես, հանգամանալի անդրադարձ կար հայ-թուրքական հարաբերություններին, դրանց սառեցմանը, պատճառներին, նախապայմաններին և այլն, արդյոք ուղե՞րձ չեք ընկալում, ինչի անհրաժեշտության մասին նշում եք:
-Սերժ Սարգսյանի ասածից կարելի է ենթադրել, որ իրենք վերանայում ունեն հայ-թուրքական արձանագրությունների: Բայց շատ անորոշ է՝ արդյոք դրա վերաբերյալ իսկապես վերանայում պե՞տք է լինի, թե ոչ:
-Բայց չէ՞ որ մատնանշվում են որոշակի օբյեկտիվ հիմքեր: Եթե վիճակը սառեցված է, ուրեմն ի՞նչ ակտիվություն սպասել Հայաստանից:
-Վիճակը նոր չէ, որ սառեցված է, վիճակը վաղուց է սառեցված, և հարյուրավոր առիթներ են եղել, երբ Թուրքիան ամեն ջանք գործադրեց՝ միջամտելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտին Ղարաբաղի խնդրով, տասնյակ հայտարարություններ է անում, և հիմա էլ Քեսաբը եղավ: Սրանք ուղղակի պարզ իրավիճակներ էին, որոնց ուղղակի պարտավոր էինք կտրուկ քաղաքական արձագանք ունենալ: Չեն արել: Հիմա ես չգիտեմ՝ Սերժ Սարգսյանի ասածն ինչ է, ոչ էլ պատրաստվում եմ կանխատեսումներ անել կամ ենթադրություններ, թե ինչ կարող է ասել Սերժ Սարգսյանը:
- Շատ համառոտ, Ձեր տեսլակա՛նը , թե ինչ պետք է արվեր կամ արվի:
-Իմ տեսլականը շատ պարզ է ու շատ հստակ. Հայաստանը և հայությունը պետք է հստակ քննարկած լիներ, թե մենք ունենալո՞ւ էինք արդյոք դատական գործընթաց, թե՞ չենք ունենալու, և պատճառաբանված լիներ, թե ինչու: Շատ հստակ ձևակերպված լիներ, գոնե անհատների կողմից սկսվեր ունեցվածքի և հողային ձևակերպումներին վերաբերող գործընթաց: Հենց հիմա՛, հենց այս պահի՛ն, ես հետազոտություն եմ անում. Արևելյան Անատոլիա կոչվող տարածքը, որ Արևմտյան Հայաստանն է, 70-ականներին այդտեղից հեռացած և Ստամբուլ տեղափոխված բոլոր սասունցի և մշեցի հայերն ուղղակի թողել են իրենց տիրապետած հողերն ու գնացել: Թուրքիայում նույնիսկ որոշ դատական գործընթացներ կան: Սրանք բոլորը Հայոց ցեղասպանության հետևանքով և դրանից բխած գործընթացներ են: Մենք, կարծեք, դրանց հետ բացարձակ մաս չունենք: Էս վերջին դեպքում կարծես իսկապես էլ մաս չունենք, Թուրքիայի քաղաքացիներ են, բայց սա քաղաքական ծրագրի մաս է: Հայերը թողել, գնացել են, ոչ կադաստրով հաստատված են իրենց թողած բնակարաններն ու ինչքը, ոչ նոր բնակարաններն են կադաստրով հաստատված: Սա քաղաքականության մաս էր, այսինքն՝ հայերը Թուրքիայում շարունակում էին մնալ ցեղասպանական վիճակում: Եթե ոչ Ստամբուլում, ապա այս երկրի ողջ տարածքում:
-Բայց մեր հասարակությունը, քաղաքական ուժերը պատրա՞ստ են դրան, չկա՞ օբյեկտիվ իրականություն, որն այս պահին դժվարացնում է գործընթացը:
-Օբյեկտիվ իրականությունն այն է, որ մեր քաղաքական ուժերը քաղաքական ուժեր չդարձան: Մեր քաղաքական ուժերը, մեծ հաշվով, դարձան, երկրի՝ պատառ-պատառ անելու մասեր կամ ինչ-որ չափով՝ դրա դեմ ընդվզողներ: Մեր քաղաքական ուժերից ո՞ր մեկը ունի ծրագիր՝ Ցեղասպանության հետ կապված, եթե չհաշվենք Դաշնակցության ընդհանուր ձևակերպումը, որը ծրագիր չէ:










