Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի համար կարևորն այն է, որ Հակոբն Ադրբեջանից դուրս գա
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին ոչ մի տեղեկություն չունեն եղբորից. Կարմիր խաչի միջազգային կոմիտեից նոր տեղեկությունների են սպասում:
«Մեր սպասելիքն այն է, որ օր առաջ Հակոբն Ադրբեջանից դուրս գա: Հայաստան կբերեն, թե երրորդ երկիր կտանեն՝ կարևոր չէ, կարևորն այն է, որ Ադրբեջանում չլինի»,-ասաց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը:
Նշենք, որ Ադրբեջանում գտնվող մյուս հայ գերիների՝ Մամիկոն Խոջոյանի և Արսեն Խոջոյանի Հայաստան վերադարձվելուց հետո հաճախակի են դարձել խոսակցությունները, թե Հակոբ Ինջիղուլյանը պետք է տեղափոխվի երրորդ երկիր:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Tert.am-ին հաղորդեց, որ իրենք իրավասու չեն մեկնաբանություններ անել հայ ռազմագերուն երրորդ երկիր տեղափոխելու վերաբերյալ, քանի որ իրենց կազմակերպությունը դրանով չի զբաղվում:
«ԿԽՄԿ մեր գործընկերները Բաքվի իշխանությունների հետ բանակցություններ են վարում՝ ռազմագերուն այցելելու, նամակներ փոխանցելու և այլ հարցերով»,-ասաց Զառա Ամատունին:
Իսկ Հակոբ Ինջիղուլյանից ստացած վերջին նամակը, նրա եղբոր հաղորդմամբ, եղել է մարտի 22-ին, որտեղ, ինչպես մնացած բոլոր նամակներում, նույն բովանդակությունն է եղել՝«Ինձ մոտ ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա, մի փոքր սպասեք, ամեն ինչ լավ կլինի»:










