Հայ-թուրքական արձանագրություններն իրենց առկայությամբ ավելի մեծ վնաս են հասցնում Հայաստանին. Կիրո Մանոյան
Ըստ «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին Հայաստանի համար առաջնային պետք է դառնան հատուցման և իրավունքի հետ կապված հարցերը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց, որ Հայաստանը պետք է հայ-թուրքական արձանագրություններից հետ վերցնի իր ստորագրությունը:
«Արձանագրությունները սկսել են ավելի մեծ վնաս հասցնել Հայաստանին միայն իրենց առկայությամբ, քանի որ դրանք Թուրքիան օգտագործում է՝ ցույց տալով, թե ինչ-որ հարաբերություն գոյություն ունեն մեր երկու երկրներին միջև: Չպետք է թևակոխենք հարյուրամյակ այդ արձանագրություններով: Կարծում եմ՝ աշխարհը չի մեղադրի Հայաստանին, քանի որ բավական ժամանակ էր տրված Թուրքիային դրանք վավերացնելու համար»,- ասաց նա:
Tert.am-ի հարցին, թե ինչ վերաբերմունք ունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից օրեր առաջ արված այն հայտարարությանը, թե հայ-թուրքական հարաբերությունները որևէ կերպ չեն վնասել ՀՀ-ին ու ԼՂՀ-ին, Կիրո Մանոյանը հակադարձեց ու պատասխանեց. «Իհարկե վնասել են, ըստ այդ արձանագրությունների՝ Թուրքիան պետք է սահման բացեր, բայց չի բացում, մի շարք այլ պարտականություններ ունի, բայց չի էլ վավերացնում, փոխարենն օգտագործում է դրանց առկայությունը միջազգային հարաբերություններում ցույց տալու, թե ինչ-որ քայլեր է անում այդ ուղղությամբ: Արձանագրությունների հաստատումից հետո Շվեդիայից բացի որևէ այլ պետություն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:
Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղին, ապա Կիրո Մանոյանն ընդգծեց, որ Թուրքիայի խնդրի լուծումը նախապայման դարձրեց և այսօր ԱՄՆ իշխանություններն ասում են, որ Թուրքիան պետք է ավելի շատ ներգրավված լինի ԼՂՀ խնդրի կարգավորմանը:
«Մենք տվել ենք լծակ, որով Թուրքիան ասում է, որ պետք է մասնակից լինի ԼՂ խնդրի կարգավորմանը, այդ արձանագրությունները դրական ոչինչ չեն տվել: Չի բացառվում, որ արձանագրություններից մեկը Թուրքիան վավերացնի ու Հայաստանին ծանր վիճակում դնի»,- ասաց նա:










