Սիրիայի ԱԳ նախարարը հոսպիտալացվել է Բեյրութում. ԶԼՄՆ-ներ
Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը հոսպիտալացվել է Բեյրութի Ամերիկյան համալսարանին կից գործող հիվանդանոցը: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 22-ին հայտնել է «Ալ-Արաբիա» արբանյակային հեռուստաալիքը:
Այս տարվա մարտին նույն հիվանդանոցում Մուալլեմը սրտի նախատեսված վիրահատության է ենթարկվել: Այն ժամանակ Լիբանանում Սիրիայի դեսպան Ալի Աբդել Քերիմը հայտարարել էր, որ «վիրահատությունը բարեհաջող է անցել, և նախարարը շուտով կարող է վերադառնալ իր պարտականությունների կատարմանը»: Նա նշել էր, որ հիվանդանոց տեղափոխումն ու վիրահատությունը անհապաղ բնույթ չէին կրում:
Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության 73-ամյա ղեկավարը, ով զբաղեցնում է նաև փոխվարչապետի պաշտոնը, գլխավորել է կառավարական պատվիրակությունը հունվարին և փետրվարին Ժնևում տեղի ունեցած միջսիրիական բանակցությունների երկու փուլում:










