Վաշինգտոնը Կիևին 58 միլիոն դոլար կտրամադրի

17:52 • 22.04.14

ԱՄՆ-ն Ուկրաինային 50 միլիոն դոլարի չափով ֆինանսական օգնություն կտրամադրի տնտեսական և քաղաքական բարեփոխումներ իրականացնելու համար: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Սպիտակ տան աղբյուրը, գրում է Deutsche Welle-ն: Բացի այդ, Վաշինգտոնը Կիևին աջակցություն կտրամադրի ռազմական ոլորտում՝ տրամադրելով 8 միլիոն դոլարի կապի միջոցներ և տրանսպորտ:

 

Միևնույն ժամանակ շարունակվում է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի երկօրյա այցը Կիև: Այցի ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանին «քիչ ժամանակ» է մնացել Ուկրաինայում կոնֆլիկտի կարգավորմանն ուղղված ժնևյան պայմանավորվածությունների կատարման հարցում առաջընթացի հասնելու համար։

 

Բայդենը կոչ է արել Մոսկվային հեռացնել իր զորքերն Ուկրաինայի հետ սահմանից, ինչպես նաև «դադարել խոսել և սկսել գործել»։ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է Կիևում մամուլի ասուլիսի ժամանակ, որ եթե Կրեմլը շարունակի սադրիչ գործողությունները, դա կհանգեցնի հետագա պատժամիջոցների և Ռուսաստանի մեկուսացման: