Russia Today-ի հղի լրագրողը դիմել է ոստիկանություն՝ Ժիրինովսկուն պատասխանատվության ենթարկելու խնդրանքով
Russia Today-ի թղթակից Ստելա Դուբովիցկայան ոստիկանություն դիմում է ներկայացրել՝ խնդրելով պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն պատասխանատվության ենթարկել ՌԴ Քրեական օրենսգրքի «խուլիգանության» հոդվածով։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին տեղեկացրել է լրագրողի փաստաբան Անատոլի Կուչերենան։
Անցյալ ուրբաթ լիբերալ-դեմոկրատների առաջնորդը, ի պատասխան Դուբովիցկայայի հարցին, նախ վիրավորել էր նրան, ապա՝ նրա գործընկերներին։ Միջադեպից հետո հղի թղթակիցը հոսպիտալացվել էր։
«Նա դիմում է ներկայացրել, որում խնդրել է Վլադիմիր Վոլֆովիչին քրեական պատասխանատվության ենթարկել ՌԴ ՔՕ 213-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով. դա խուլիգանությունն է»,-ասել է Կուչերենան։
Այդ հոդվածի համար նախատեսվող առավելագույն պատժաչափը 5 տարվա ազատազրկումն է, սակայն նախատեսում է նաև տուգանք՝ մինչև 500 հազար ռուբլու չափով։
Լրագրողի դիմումում նշվել է, որ միջադեպը նրան բարոյական և ֆիզիկական վնաս է հասցրել։ Նա դիմում է ուղարկել նաև Պետդումայի Էթիկայի հանձնաժողով։
Փաստաբանը հիշեցրել է, որ Ժիրինովսկին Պետդումայի պատգամավոր է, և այդ պատճառով նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է ստանալ Դումայի համաձայնությունը։










