Գործադիրը մերժեց Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած օրենսդրական առաջարկը

13:57 • 23.04.14

ՀՀ կառավարությունն այսօր մերժեց Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած նախագիծը։


Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանի տեղակալ Արման Թաթոյանը նշեց, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ պատգամավորն առաջարկում էր լրացում, որով նախատեսվում է սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր համարել, եթե այն ծալված է անհամաչափորեն, և տվյալ ծալվածքն ակնհայտորեն հանդիսանում է տվյալ քվեաթերթիկը տարբերակելու միջոց:


Կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը, քանի որ տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները չեն կարող մեկնաբանվել և կիրառվել այնքան լայն, որ հանգեցնեն ընտրողների կամքի արտահայտության խեղաթյուրմանը, իսկ ներկայացված նախագծով առաջարկվում է մի մոտեցում, որը պարունակում է հայեցողության ոչ հստակ սահմաններ: