Սիրիայում նախագահական ընտրությունները կանտեսեն ժողովրդավարության սկզբունքները. Քեթրին Էշթոն

09:46 • 23.04.14

ԵՄ արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը խորն ափսոսանք է հայտնում նախագահական ընտրությունները հունիսի 3-ին անցկացնելու մասին սիրիական իշխանությունների պաշտոնական հայտարարության կապակցությամբ։ Այդ մասին հայտարարել Էշթոնի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Էշթոնը հիշեցրել է ԵՄ-ի դիրքորոշումը՝ «ցանկացած ընտրություն Սիրիայում պետք է անցկացվի միայն 2012թ. Ժնևի կոմյունիկեի շրջանակում», փոխանցում է Газета-ն։

 

«Ռեժիմի կողմից այդ շրջանակից դուրս կազմակերպված ընտրությունները, որոնք կանցկացվեն հակամարտության ընթացքում միայն այն շրջաններում, որոնք գտնվում են ռեժիմի հսկողության տակ, կանտեսեն ժողովրդավարության հիմնական սկզբունքները և կխափանեն քաղաքական կարգավորման հասնելու բոլոր ջանքերը»,- նշվում է մամուլի ծառայության հաղորդագրությունում։

 

Էշթոնը կրկին կոչ է արել բոլոր կողմերին դադարեցնել բռնության ցանկացած դրսևորում և մարդկանց իրավունքի խախտումները, ինչպես նաև հայտնել «Ժնև- 2»-ի հաջորդ փուլերին մասնակցելու իրենց մտադրությունը։