Մենք դուրս ենք գալու փողոց և այլևս տուն չենք գնալու. ազատամարտիկները ժողով արեցին ՀՀԿ շենքի դիմաց (տեսանյութ)

15:03 • 23.04.14

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին և մյուս քաղբանտարկյալների ազատ արձակելու պահանջով ազատամարտիկներն իրենց ժողովն անցկացրեցին Հանրապետական կուսակցության գրասենյակի դիմաց, որտեղ էլ ելույթներ ունեցան:


«Վաղն ապրիլի 24-ն է, մենք հարգելով վաղվա օրը, այսօր որևէ ծայրահեղ քայլի չենք ուզում գնալ: Բայց կգա նաև վաղը չէ մյուս օրը, բավական է, մեր համբերության բաժակը լցվել է արդեն, մենք դուրս ենք գալու փողոց և այլևս տուն չենք գնալու։ Մեր պայքարն էս համակարգի դեմ է, մարդ փոխելով, վարչապետ փոխելով ոչինչ չի փոխվում երկրում»,- հայտարարեց մարտական խաչի ասպետ Խաչիկ Ավետիսյանը:


Նա նաև պատմեց. «Արցախյան պատերազմի ժամանակ տղաներ էին գալիս, որոնց ասում էինք՝ «Տղերք, էս «պոստերը» պիտի պահեք», սակայն պատասխան էինք ստանում. «Մենք կռվի տղաներ ենք մենք «պոստավիկ» չենք»։ Չեն փոխվել այդ տղաները: Մենք պետք է հաղթենք նաև այս կռվում: Մենք հայրենիքի փրկության հարցում պետք է միասնական լինենք, ժամանակ չունենք»:


Ելույթ ունեցավ նաև «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: «Մեր տղաներին կհամոզեմ, որ եկող ամիս եթե մեզ դահլիճ չտրամադրեն, փողոց էլ կփակենք, ամեն ինչ էլ կանենք, մենք այն մարդիկ ենք, որ մեր վաղվա օրն աղոտ է: Հաջորդ անգամ ես ավելի շատ բան կասեմ, ավելի ուրիշ ծրագրեր առաջ կքաշեմ»,- հայտարարեց նա: