Եվրամիությունն առաջարկում է գազի հարցի շուրջ ԵՄ-ՌԴ-Ուկրաինա ձևաչափով հանդիպում անցկացնել
Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտտինգերը դիմել է Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակին և Յուրի Պրոդանին՝ գազային հարցերի շուրջ ԵՄ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկով: Այդ մասին հայտնել է ՌԴ Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը, գրում է Russia Today-ը:
Եվրահանձնակատարն առաջարկում է ռուսական և ուկրաինական կողմերին քննարկել այդ հանդիպման անցկացման ամսաթիվը և վայրը: Հայտնի է դարձել, որ ՌԴ էներգետիկայի նախարարությունը մինչև ապրիլի 23-ի երեկո կպատրաստի իր առաջարկները և դրանք կուղղի Էտտինգերին:
Ավելի վաղ նախարարությունից հայտնել են, որ Ռուսաստանի և Եվրամիության ներկայացուցիչները կհանդիպեն՝ քննարկելու գազային հարցը։ Այդ ժամանակ հանդիպման ամսաթիվը հայտնի չի եղել:
Չորեքշաբթի Յուրի Պրոդանը հայտնել է, որ գազային հարցերով ապրիլի 24-ին կարող են քառակողմ բանակցություններ ընթանալ: Բանակցություններին պետք է մասնակցեն ԵՄ-ի, Ուկրաինայի, Ռուսաստանի և Սլովակիայի ներկայացուցիչները: Սակայն ավելի ուշ նա նշել է, որ բանակցությունները չեն կայանա:










