Ռուսաստանի կապի նախարարությունը կոչ է անում ինտերնետը վերահսկող կառույց ստեղծել
Ռուսաստանի կապի նախարար Նիկոլայ Նիկիֆորովը հայտարարել է ինտերնետի վերահսկման հարցում միջազգային համագործակցության անհրաժեշտության մասին, ինչի համար առաջարկել է ՄԱԿ-ի շրջանակներում առանձին կառույց ստեղծել միջազգային իրավական նորմերի մշակման համար, գրում է ria.ru-ն:
«Համացանցի կառավարման գործող մոդելը լուրջ ճգնաժամի մեջ է. անհրաժեշտ է սերտ միջազգային համագործակցություն՝ պետությունների առաջատար դերով: Մենք կիսում ենք կարծիքը, որ համացանցի կառավարման մոդելը պետք է լինի բազմակողմանի, բայց պետք է որոշել բոլոր կողմերի դերերը»,- գրել է Նիկիֆորովը Twitter-ի իր էջում:
Դրա համար, Նիկիֆորովի կարծիքով, պետք է որոշել պետությունների դերերը համացանցի կառավարման գործում, քանի որ պետություններն են միջազգային իրավունքի սուբյեկտները։
«Մեզ անհանգստացնում է համացանցի կառավարման միջազգային, տարածաշրջանային, ազգային ջանքերի համակարգման ցածր մակարդակը: ՄԱԿ-ի շրջանակներում նշված խնդիրների լուծման համար կարող է ստեղծվել առանձին սուբյեկտ՝ միջազգային իրավական նորմերի մշակման համար»,- գրում է Նիկիֆորովը:










