Ազատության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ (լրացված, տեսանյութ)

19:36 • 23.04.14

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ Ազատության հրապարակից մեկնարկում է արդեն ավանդական դարձած ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ, որը, ինչպես միշտ, կազմակերպել է «Հայ յեղափոխական դաշնակցության» «Նիկոլ Աղբալյան» միությունը:

 

Մինչ երթի մեկնարկը երիտասարդները հրապարակում այրեցին Թուրքիայի դրոշը և այդ կրակով վառեցին իրենց ջահերը: 


20.04

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը Ազատության հրապարակում իր ելույթում նշեց. «Մենք պահանջատեր ենք և մինչև վերջ պայքարելու ենք արդարության համար: Մենք մեր հայրենիքի բռնագրավված հատվածն ենք պահանջում: Այսօր թուրքիայի վարչապետը հայտարարություն է տարածել, քանի որ վախեցել է ձեզնից և Հայաստանի այլ քաղաքներում տեղի ունեցող նմանատիպ երթերից և փորձել  է խաբել աշխարհին՝ ներողության փոխարեն ցավակցություն հայտնելով, կարծես թե երկրաշարժ է եղել, և մարդիկ են մահացել: Մենք «Ո´չ» ենք ասում ժխտողական քաղաքականությանը և շարունակելու ենք պայքարը: Մեր պահանջն է՝ արդարություն, հատուցում, ճանաչում»:
 

 Այնուհետև երիտասարդները ջահերով, հայոց եռագույններով ու պաստառներով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերի հուշահամալիր: Ճանապարհին երիտասարդները երգում են ազգային-ազատագրական երգեր:

 

 

21.11

 

Երթի ընթացքում «Հայ յեղափոխական դաշնակցության» երիտասարդական միության անդամները ՀՀ Նախագահի նստավայրի մոտ բաց նամակ հանձնեցին Նախագահի աշխատակազմի անդամին: Նրանք պահանջում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ անհապաղ ետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները: Այս պահին երթի մասնակիցները, Բաղրամյան, Օրբելի փողոցներն անցնելով, հասել են Կիևան փողոց:

 

 

21.47

 

ՀՅԴ երիտասարդական միության և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն բաց նամակը՝ ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին.


«Մեծարգո պարոն Նախագահ,

- Հաշվի առնելով, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին թուրքական պետության ժխտողական քաղաքականությունը շարունակվում է, իսկ հայ-թուրքական արձանագրությունների տակ դեռևս առկա է Հայաստանի Հանրապետության ստորագրությունը,

- Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ թուրքական կողմը հրաժարվել է առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից, հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիան պայմանավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութուն-Ադրբեջան հակամարտության կարգավորմամբ,

- Նկատի ունենալով«Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի և  Թուրքիայի միջև  հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին ՀՀ Նախագահի՝ 2010 թվականի ապրիլի 22-ի հրամանագիրը,

- Հաշվի առնելով 2013 թվականի հունվարի 21-ին Ձեր այն հայտարարությունը, համաձայն որի՝ եթե Թուրքիան մոտ ժամանակներում չվավերացնի փաստաթղթերը,Հայաստանը կարող է վերանայել որոշումը, հանել Ազգային ժողովի օրակարգից արձանագրությունները, ետ կանչել ստորագրությունը,

- Հիմք ընդունելով  ՀՀ Նախագահի՝ 2011 թվականի հունվարի 17-ինԿիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում արված հայտարարությունը, այն է` «Թուրքիայի հետ հարաբերությունները նույնիսկ՝ փոքր քայլերով հարթելու մեր անկեղծ առաջարկով սկսված գործընթացն արագ խափանվեց: Իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններով և  գործընթացի անհիմն շահարկումներով Թուրքիան կործանեց այն: Թուրքիան հետ կանգնեց իր պարտավորություններից և  ոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլև՝  վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին»,

Պահանջում ենք` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին,  հանուն համայն հայության պահանջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանչման ու դատապարտման և ամբողջական փոխհատուցման աննկուն պայքարի՝ ետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ «ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ»:

 

22.34

 

Երթի մասնակիցների շարքերում էին Հայ առաքելական եկեղեցու մի շարք հոգևորականներ, որոնք իրենց հետ Ծիծեռնակաբերդի բարձունք տարան փայտե մեծ խաչ: Այնուհետև հուշակոթողի ներսում՝ Անմար կրակի շուրջը ծաղիկներ դնելուց հետո հոգեհանգստյան կարգ մատուցեցին՝ 99 տարի առաջ թուրքական յաթաղանին զոհ դարձած 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին:
Հոգեհանգստյան կարգի ավարտից և հոգևորականների հեռանալուց հետո երթի մասնակիցները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ: