Իրանի նախագահին քննադատել են առաջին տիկնոջ շքեղ երեկույթի պատճառով
Իրանցի պահպանողական օրենսդիրները խստորեն քննադատել են երկրի նախագահ Հասան Ռոհանիին՝ նրա կնոջ՝ Սահեբեհ Արաբիի կազմակերպած շքեղ խնջույքի պատճառով, հայտնում է Al Arabiya-ն։
Միայն կանանց մասնակցությամբ երեկույթը, որն ըստ պահպանողականների՝ եղել է «շքեղության պարահանդես», կազմակերպվել է Թեհրանի հյուսիսում՝ տապալված շահ Մոհամմեդ Ռեզայի պալատում։ Միջոցառումը նվիրված է եղել Կանանց օրվան, ինչպես նաև համընկել է Մուհամմեդ մարգարեի դուստր Ֆաթիմայի ծննդյան օրվա հետ։
Պատգամավորների կարծիքով՝ նախագահի ու նրա կնոջ նման շքեղ ապրելակերպը լիովին հակասում է արևմտյան տնտեսական պատժամիջոցների պատճառով ծանր պայմաններում ապրող շարքային իրանցիների կենսակերպին։










