Անհետացած մալայզիական Boeing-ը որոնելու են «Տիտանիկի» պես

12:33 • 23.04.14

Մեկ ամսից ավելի անհետացած մալայզիական Boeing 777 ինքնաթիռի որոնման աշխատանքներին պատրաստվում է միանալ հզոր ջրատեղորոշիչը, որի նմանն օգտագործվել է Անտլանտյան օվկիանոսի հատակին «Տիտանիկ» նավի որոնողական աշխատանքների ժամանակ։

 

Ինչպես հայտնում է РИА-Новости-ն, ջրատեղորոշիչը պատրաստվում են ուղարկել Ավստրալիայի իշխանությունները, ինչի մասին տեղեկացրել է երկրի պաշտպանության նախարար Դևիդ Ջոնսթոնը։

 

«Հաջորդ քայլը, իմ կարծիքով, լինելու է ավելի հզոր ջրատեղորոշիչ ուղարկելը, որը կկարողանա աշխատել մեծ խորության վրա»,-ասել է պաշտոնյան։

 

Աղբյուրը հավելում է, որ Bluefin 21 ստորջրյա սարքն արդեն ուսումնասիրել է որոնման գոտու 80%-ը, որտեղից ստացվել են ինքնաթիռի «սև արկղերից» մեկի ազդակները։ Սակայն Boeing-ն առայսօր չի հայտնաբերվել։

 

Հիշեցնենք, որ 227 ուղևորով ու անձնակազմի 12 անդամով ինքնաթիռն անհետացել է մարտի 8-ին՝ Կուալա Լումպուր-Պեկին չվերթի ժամանակ։