Ռիո դե Ժանեյրոյում պրոֆեսիոնալ պարողի մահը ոստիկանության հետ բախումների պատճառ է դարձել
Ռիո դե Ժանեյրոյում այս գիշեր զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել, որոնց պատճառը տեղացի բնակիչներից մեկի մահն է դարձել, գրում է interfax.ru-ն՝ հղում անելով BBC News-ին:
Բախումները սկսվել են երիտասարդի մահից հետո, որն ապրում էր քաղաքի աղքատ թաղամասերից մեկում և պրոֆեսիոնալ պարող էր: Տղամարդու բարեկամները կարծում են, որ նա մահացել է ոստիկանների դաժան ծեծից հետո, որոնք նրան թմրավաճառի տեղ են դրել:
Մարդկանց բազմությունը հավաքվել է թաղամասի մուտքի մոտ՝ պահանջելով բացատրել պարողի մահը: Ցուցարարներն այրում են ավտոմեքենաներ և անիվներից բարիկադներ են կառուցում, լսվում են կրակոցներ: Ռիո դե Ժանեյրոյի զբոսաշրջային Կոպակաբանա թաղամասում գլխավոր փողոցները փակ են:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ գիշերային բախումների ընթացքում մի մարդ է սպանվել, կան վիրավորներ: Որոշ տեղեկություններով՝ ցուցարարները հարձակվել են թաղամասի ոստիկանական բաժանմունքի վրա:










