ԻՏՁՄ տնօրենը մտավախություն ունի, որ պարտադիր կուտակայինի մասով միջազգային ճնշումը կշարունակվի

20:42 • 23.04.14

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը մտավախություն ունի, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկման համար կշարունակվեն միջազգային ճմշումները ՀՀ նոր Կառավարության վրա:

 


«Նախորդ Կառավարության նկատմամբ էլ կար միջազգային ճնշում, այսինքն՝ այս օրինագիծը՝ ֆինանսական դիվերսիան, այնպես չէ, որ իր ծագումնաբանությամբ հայկական էր, սա ակնհայտ միջազգային արժութային հիմնադրամի ճնշման տակ էր արվել: Մեր իշխանություններն էլ որոշակի պարտավորություններ էին վերցրել և չէին կարողանում տակից դուրս գալ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 


Վերջինիս խոսքով՝ նժարների վրա դրվեց հասարակական հանգստությունը և միջազգային ճնշումը, ակնհայտորեն հասարակական հանգստությունը դարձավ ավելի գերակա խնդիր, որն ընտրեց նոր Կառավարությունը. «Բայց ես հույս ունեմ, որ միջազգային ճնշումները չեն շարունակվի, իսկ մենք պետք է կարողանանք ակտիվորեն մասնակցել նոր օրինագծի մշակմանը»:

 


Կարեն Վարդանյանը նաև նկատեց, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ պարտադիրի մասով այսօր հրապարակած ելույթից ընդամենը կարելի է քաղել տրամադրություն, որը դրական է: «Այսինքն՝ ելույթը իրավաբանական փաստաթուղթ չէ, այն մեզ ընդամենը՝ ասում է, որ Կառավարությունը հասկացել է, որ նախկին Կառավարությունը հիմարություն է արել, և հիմա ուզում են այդ սխալն ուղղել: Հիմա մենք պետք է մի քիչ համբերությամբ սպասենք և տեսնենք, թե ինչպես են ուղղում այդ սխալը, պետք է սպասենք իրավական փաստաթղթին, որը կամրագրի այդ ելութի իրավական կողմը»,-ասաց նա և ավելացրեց. «Մենք հիմա առավելագույնը՝ կարող ենք ասել, որ ներկայիս Կառավարության տրամադրվածությունը դրական է՝ ելնելով ելույթից, բայց մինչև փաստաթղթեր չլինեն, չենք կարող հստակ բան ասել»: