Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Ամերիկայի հրեական համայնքի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին

21:59 • 24.04.14

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Ամերիկայի հրեական համայնքի գործադիր տնօրեն Դևիդ Հարիսի հայտարարությունը, ով կոչ է արել Թուրքիային՝ «հաշվի առնել Հայոց ցեղասպանության իրականությունը»:


«Հիշատակության հանդիսավոր արարողությունների ամսում՝ նվիրված Ռուանդայի ցեղասպանության 20-րդ տարելիցին, Իսրայելում և Միացյալ Նահանգներում Հոլոքոստի ամենամյա հիշատակության արարողությանը, այժմ մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում նաև վերջին տարիներին Օսմանյան կայսրության իրականացրած «Մեծ եղեռնի»՝ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին»,- համագումարը մեջբերում է հրեկան համայնքի գործադիր տնօրենի հայտարարությունը:


«Ամերիկայի հայկական համայնքի անունից մենք ողջունում ենք Դևիդ Հարիսի՝ կարևոր նշանակություն ունեցող հայտարարությունը: Սա առաջին անգամը չէ, որ Հարիսը հրապարակավ կիրառում է «Հայոց ցեղասպանություն» տերմինը», - նշել է Համագումարի խորհրդի անդամ Վան Գրիգորյանը: