Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտությունը կարևոր է Հայաստանի, Թուրքիայի և տարածաշրջանի համար. Անրի Ռենո

16:08 • 24.04.14

 

Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն լրագրողներին ասաց, թե Ցեղասպանությունն ինչ-որ առումով մաս է կազմում նաև Ֆրանսիայի պատմությանը:

 


«Եվ ոչ միայն նրա համար, որ մենք ընդունել ենք Ֆրանսիայում ապաստան փնտրող մարդկանց, այլ նաև նրա համար, որ այդ մարդիկ դարձել են ֆրանսիացիներ»,- ասաց դեսպանը:


Հարցին, թե Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ որ երկրները կարող են ճանաչել ոճրագործությունը, դեսպանը պատասխանեց. «Հաջորդ տարի լրանում է 20-րդ դարի առաջին մեծ ողբերգության մեկ դարը, որին հաջորդեցին այլ ցեղասպանություններ: Դա պետք է լավ առիթ լինի այն երկրների համար, որոնք դեռ չեն ճանաչել Ցեղասպանությունը»:

 


Դիտարկմանը, թե Թուրքիայի խորհրդարանն այդպես էլ չստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները՝ Անրի Ռենոն պատասխանեց. «Ես ցանկանում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունները հնարավորինս շուտ կարգավորվեն: Մենք հուսով ենք, որ Ցեղասպանության հարյուրամյակը առիթ կհանդիսանա հարաբերությունների կարգավորման և հաշտության համար: Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտությունը կարևոր է Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և տարածաշրջանի համար: Այն կարևոր է տարածաշրջանի խաղաղության, բարգավաճման և զարգացման համար: Տարածաշրջանի համար այլ ապագա չկա»: