Հայաստանում չկան այսինչի կադրեր, կան կադրեր, որոնք անցնում են գործող Նախագահի կողմը. Ա. Բադալյան

22:10 • 24.04.14

Կադրերը, որոնք աշխատել են 2-րդ Նախագահի հետ, նույն կերպ աշխատելու են 3-րդ Նախագահի հետ, և , հետևաբար, նրանք 2-րդ Նախագահի կադրերը չեն: Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ չհամաձայնելով տեսակետին, որ Հովիկ Աբրահամյանի կաբինետի մեծ մասը Ռոբերտ Քոչարյանի կադրերն են:


«Ով Նախագահ է, կադրերն անցնում են նրա կողմը՝ անկախ նրանից, որ ժամանակին աշխատել են 2-րդ Նախագահի հետ, և եթե 3-րդ Նախագահն առաջարկ է անում, նրանք նույնպիսի հավատարմությամբ սատարում են 3-րդ Նախագահին՝ չունենալով այդքան սկզբունքայնություն»,-ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետը:


Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում նորանշանակ Կառավարությունում մի հետաքրիր ուրվագծում է մատնանշում. այն, որ գործադիր են վերադառնում ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերը՝ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, առևտրի ու արդյունաբերության նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ էկոնոմիկայի նախարար։ Իսկ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Քոչարյանի աղջկա հարսանիքի քավորն է։

 


Այս համատեքստում պակաս ուշագրավ չէ Ռոբերտ Քոչարյանի օրոք նախագծված Հյուսիսային պողոտայի հեղինակ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի՝ քաղաքաշինության նախարարի պաշտոնում նշանակվելը:


Ի պատասխան հարցի, թե ինչու Ճշմարիտյանն, օրինակ, նախկինում չէր նշանակվում նախարար, Արմեն Բադալյանն ասաց՝ «որովհետև ներկայում կա կադրային խնդիր»:


«Չնայած ՀՀԿ-ն նշում է, որ ունի 150 000- անոց կուսակցություն, բայց կադրերի այսպես ասած՝ պահեստի նստարանն այդքան էլ երկար չէ»,-ասաց քաղաքագետը՝ այս համատեքստում առանձնացնելով ոչ պակաս կարևոր խնդիր՝ որպես օրինակ բերելով Վրաստանը. «Սաակաշվիլին եկավ, նպատակ ուներ երկիրը տանել դեպի Արևմուտք, և քանի որ իր համար նպատակը հստակ էր, ըստ այդմ էլ նա կադրեր ընտրեց, և նրա բոլոր կադրերը կարելի է ասել՝ եվրոպամետ էին, միջին տարիքի կամ երիտասարդ անձինք, որոնք այդ թիմով իրականացնում էին պետության զարգացման իրենց տեսլականը: Քանի որ մեզ մոտ նման հստակություն չկա, թե մենք ինչ ուղով ենք գնում ՝ 5 րոպեում փոխելով կուրսը, բնակաբար, կադրերն էլ վերցվում են նրանից, ինչ-որ արդեն եղել է»,-ասաց Արմեն Բադալյանը: