Ջորջ Քլունին Օբամայի պատճառով վիճել է խաղատան սեփականատիրոջ հետ

17:53 • 24.04.14

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին և խաղատների խոշոր ցանցի սեփականատեր Սթիվ Վինը հանդիպել են Լաս Վեգասի ռեստորաններից մեկում՝ գործնական հարցեր քննարկելու համար։ Սակայն տղամարդկանց զրույցն անհասկանալի պատճառներով սկսվել է քաղաքականությունից, իսկ ավարտվել՝ վեճով, գրում է segodnya.ua-ն։

 

Վինը հայտնի է որպես հանրապետական, իսկ Քլունին իրեն վերագրում է դեմոկրատներին։ Ականատեսների խոսքով՝ հենց դա էլ դարձել է վիճաբանության պատճառ։ Սթիվը սադրել է Քլունիին, սակայն վերջինս չի ենթարկվել սադրանքներին։ Նա պարզապես չի պատասխանել, նստել և հանգիստ լսել է։

 

Սակայն երբ գործարարը խոսել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մասին, դերասանը չի դիմացել։  «Վինը նախագահին անվանել է ապուշ։ Այդ ժամանակ Ջորջն ասել է, որ նա թող չհամարձակվի այդպես անվանել Օբամային, քանի որ վերջինս իր ընկերն է»,- պատմել են ականատեսները։

 

Երբ խաղատան սեփականատերը կրկնել է իր խոսքերը, Քլունին ասել է՝ «Ո՛չ, այդ դու ես ապուշ։ Ես չեմ պատրաստվում այլևս նստել այստեղ և լսել դա»։

 

Արևմտյան մամուլի հաղորդագրություններով՝ հոլիվուդյան դերասանը հարբած է եղել, իսկ երբ նա գտնվում է նման վիճակում, ապա ինչ-ինչ պատճառներով սկսում է իրեն համարել նախագահի ընկերը։


Ավելի ուշ 72-ամյա միլիարդատերը մեկնաբանել է իրավիճակը. «Քլունիի հետ լավ է, երբ նա սթափ է։ Սակայն եթե դուք պատրաստվում եք խմել նրա հետ, ապա ավելի լավ է շուտ գնալ տուն»։ Նա նաև նշել է, որ հանդիպմանը բացի Վինից և Քլունիից ներկա են եղել այլ գործարարներ, որոնք զարմացել են կատարվածից։