Արքայազն Չարլզի կնոջ եղբայրը մահացել է Նյու Յորքում՝ բարի մոտ սայթաքելու հետևանքով
Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի կնոջ փոքր եղբայրը մահացել է Նյու Յորքի բարերից մեկի մոտ ընկնելուց հետո, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Daily News-ին:
62-ամյա Մայքլ Շենդը Rose Bar-ում կազմակերպված երեկույթին էր ժամանել Sotheby’s աճուրդի տանը կայացած բարեգործական միջոցառումից հետո: Դուրս գալով հաստատությունից՝ Կամիլա Փարքեր Բոուլզի եղբայրը սայթաքել է, ընկել և գլխով հարվածել մայթեզրին։
Շենդին հոսպիտալացրել են, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: Բրիտանական թագավորական ընտանիքի մամուլի քարտուղարը հաստատել է Շենդի մահը։
«Պարոն Շենդը մահացել է հիվանդանոցում գլխի լուրջ վնասվածքի պատճառով, որը ստացել է ընկնելու հետևանքով»,- ասել է նա և հավելել, որ Քորնուոլի դքսուհին, Ուելսի արքայազնը և նրա ընտանիքի բոլոր անդամները ցնցված են այդ հանկարծակի և ողբերգական կորստով։
Շենդը գլխավորում էր Elephant Family ոչ առևտրային կազմակերպությունը։










