«Դոնեցկի Հանրապետությունը» հրաժարվել է շրջանում Ուկրաինայի նախագահի ընտրություններ անցկացնել
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ղեկավարները մտադիր չեն շրջանում Ուկրաինայի նախագահի ընտրություններ անցկացնել, որոնք նախատեսված են մայիսի 25-ին, հայտնել է «Դոնեցկի Հանրապետության» պրեզիդիումի համանախագահ Դենիս Պուշիլինը, գրում է Взгляд-ը:
«Ինչ վերաբերում է նախագահի ընտրություններին, մենք, իհարկե, դրանք կարհամարհենք: Ինչպե՞ս կարող ենք մասնակցել ընտրությունների, որոնք տեղի են ունենում մեր հարևանների մոտ, այլ ոչ մեզ մոտ: Դա սխալ է, փաստացիորեն ներկայիս իրավիճակում անհնար է ընտրել նախագահ, որը հարմար կլիներ և՛ երկրի արևմուտքին, և՛ արևելքին»,- ասել է նա:
Պուշիլինը նաև նշել է, որ Դոնեցկի շրջանը նախագահի թեկնածու Օլեգ Ցարյովին իր թեկնածուն չի համարում և չի կարծում, որ նա ներկայացնում է իրենց շահերը Կիևում: Նրա խոսքով՝ մայիսի 11-ին կանցկացվի շրջանի կարգավիճակի մասին հանրաքվե, և մեծ հավանականություն կա, որ Լուգանսկը նույնպես ամենաուշը մայիսի 11-ին հանրաքվե կանցկացնի։










