Ֆրանսիայի ԱԳՆ-ն պատասխանել է Լավրովի սպառնալիքներին

16:18 • 24.04.14

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը ռուսական ղեկավարությանն Ուկրաինայի շուրջ ճգնաժամի պատճառով պատժամիջոցների խստացմամբ է սպառնացել, հայտնում է Deutsche Welle-ն։

 

«Եթե ռուսական կողմը հետագայում միջոցներ ձեռնարկի, ապա շատ հավանական են պատժամիջոցների խստացման նոր քայլերը»,- հայտարարել է նախարարը Թբիլիսիում Գերմանիայի և Վրաստանի ԱԳ ղեկավարների հետ հանդիպման ընթացքում։

 

Ֆրանսիացի նախարարի խոսքով՝ ԵՄ-ն ուկրաինական ճգնաժամի հարցում Ռուսաստանի հետ գործողություններում պետք է հետևի «երկխոսություն և պինդ կեցվածք» սկզբունքին։

 

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն ընդգծել է Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար ժնևյան պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ նախ պետք է փորձել իրականացնել դրանք և միայն անհաջողությունների դեպքում կարելի է խոսել պատժամիջոցների մասին։

 

Ֆրանսիայի արտգործնախարարն արձագանքել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հարցազրույցին, երբ նախարարը պատասխան միջոցառումներով էր սպառնացել արտերկրում երկրի շահերի խախտման դեպքում։