Էրդողանը իր անբովանդակ հայտարարությամբ կատարեց ԱՄՆ պատվերը, որ իբր՝ ցավակցում է հայերին. Սարգիս Հացպանյան

22:54 • 24.04.14

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝Հ այոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ի ուղերձը անբովանդակ հայտարարություն էր, որը նա կատարեց ԱՄՆ-ի պատվերով ու նախընտրական նկատառումներով:
 

Tert.am –ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց տարածաշրջանային փորձագետ, հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը, ով ավելի շատ նման հայտարարության պատճառ է համարում այն, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Թուրքիայում օգոստոսին նշանակված նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուն է:


«Մնացել է մի քանի ամիս, ուրեմն ՝ ինքը շատ կարիք ունի այսպես ասած ՝ իր իմիջը վերանորոգելու, բարենորոգելու և իր քայլերից առաջինը արեց հենց երեկ՝ ապրիլի 24-ին ընդառաջ՝ մեղմելու այն կերպարը, որն ստեղծվել է իրենից»,-ասաց նախկին ազատամարտիկը և հավելեց. «Մեզ համար որևէ բան չասող արտահայտություն էր, դիվանագիտության սքսանչելի մի գործողություն, ինչպես տարիներ առաջ, արձանագրությունների ստորագրման նախաշեմին իրենք մի անգամ էլ գնացել էին այդ քայլին: Այս անգամ էլ 99-ամյա տարելիցից ժամեր առաջ այդպիսի ուղերձ հղեց ՝ աշխարհին խաբելու»:


Ի դեպ՝ Հացպանյանը նույն բանն ասել է ֆրանսիական հեռուստաընկերություններից մեկի լրագրողին, ով զարմացել է, թե ինչու հայերը չեն ուրախացել Էրդողանի հայտարարությամբ:


Ի պատասխան՝ Սարգիս Հացպանյանն ասել է.« Դուք երևի թուրքական դիվանագիտությանը ծանոթ չեք: Իրենք ամեն անգամ «կուտ» են տալիս ու հետո իրենց քաղաքականությունը շարունակում: Էս ամբողջը մինչև օգոստոս կտևի, մինչև նա նախագահ ընտրվի՝«բարով-խերով», ու դրանից հետո կտեսնեք՝ իր դիրքորոշումն ինչ կլինի: Նույն Էրդողանն ընդամենը՝ 4-5 օր առաջ ասել էր, որ պիտի ամեն ինչ արվի, որ «հայերի այս սուտն ու կեղծիքը, որ աշխարհի վզին փաթաթել են, կարողանանք չեզոքացնել, որովհետև այդպիսի իրողություն չի եղել» և այլն: Ի՞նչ փոխվեց երեք-չորս օրվա մեջ, գլխին քա՞ր ընկավ: Սա հատուկ արված քայլ է, մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում: Այսքան բան»:


Հիշեցենք, որ ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը՝ 9 լեզուներով, այդ թվում՝ արևելահայերեն և արևմտահայերեն թարգմանված հայտարության մեջ
Էրդողանը 20-րդ դարասկզբի իրադարձությունների հետևանքով կյանքից զրկված հայերի հոգիներին հանգստություն է մաղթել, իսկ նրանց թոռներին էլ ցավակցություն հայտնել։

 

Ի պատասխան հարցի՝ բավարա՞ր է գնահատում Հայաստանի կողմից կատարվող քայլերը, Սարգիս Հացպանյանն ասաց. «Ի՞նչ քայլերի մասին եք խոսում, ես չգիտեմ, ես Հայաստանի կողմից արվող, արված որևէ քայլ մինչև այս րոպեն չեմ տեսել: Ի՞նչ քայլ է արել Հայաստանը, ո´չ մի բան, լռակյաց հետևում է: Քայլերը ուրիշնե՛րն են անում մեր տեղը, հենց գայլերն են անում, իսկ մենք լացուկոծ ենք անում, Քեսաբի և մեր ժողովրդի համար ուտելիք ենք հայթայթում»:


Սարգիս Հացպանյանը գտնում է, որ Թուրքայի կողմից Ցեղասպանության ճանաչումը մոտ ապագայի հարց չէ. «Հարյուրամյա տարելիցին ընդառաջ չխաբվենք, որ նման բան կլինի, թուրքերը սքանչելի դիվանագիտական աշխատանք կկատարեն, հիմիկվանից ասում եմ՝ էլի կպլստան այդ կնճռոտ հարցի տակից, որովհետև այդտեղ իրենց լինել-չլինելու խնդիրն է դրված: Իրենք նստած են հայկական ու հունապատկան հողերի վրա, ու այդ ամբողջ երկիրը կիսեք երկուսի ՝ աջակողմյան հատվածը՝ Հայաստան, ձախակողմյանը՝ Հունաստան, երկու ազգի ցեղասպանություն են արել և շարունակել են երիտթուրքերի քաղաքականությունը… մինչև հիմա… դեռ 99 տարի է անցել այդ ցավից, մտնում են Քեսաբ բռնազավթում: Սա՛ է Թուրքիան:Սա՛ է Անկարան»:

 

 

Հացպանյանը հույս ունի, որ Թուրքիայի հասարակությունը , ժողովուրդը կփոխվի և շատ բան կփոխի: