Էրդողանի հայտարարությունն անարգանք էր անմեղ զոհված 1.5 մլն հայերի նկատմամբ. Քրդական ազատագրական շարժման անդամ (տեսանյութ)
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով այսօր Ծիծեռնակաբերդ էր այցելել Եվրոպայի ժողովրդավարական և խաղաղության մեջլիսի համանախագահ, Քրդական ազատագրական շարժման անդամ Ռոժդա Յիլդըրըմը: Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երեկ արած հայտարարությանը, որտեղ վերջինս իր ցավակցություն էր հայտնել 1915թ-ի զոհվածների հարազատներին և նրանց հոգիներին հանգստություն մաղթել:
«Նախկինում արված բոլոր հայտարարությունների նման հայտարարություն եղավ: Էրդողանը երեկվա հաղորդման մեջ ուրացավ Հայոց ցեղասպանությանը: Այս Ցեղասպանությունը նա վերագրեց Առաջին աշխարհամարտի ընթացքում զոհվածներին: Սա անհարգանք է զոհերի նկատմամբ, 1.5 մլն մարդը բնական մահով չմահացավ, այլ՝ պետության կազմակերպած ոճրագործության հետևանքով զոհվեց»,-ասաց նա և ընդգծեց, որ իրենք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը և պայքարում, որ Թուրքիայի պետությունը ճանաչի այն։
Նա ընդգծեց, որ իրենք պահանջում են, որ Թուրքիան գործածի «ցեղասպանություն» բառը և հայերից ներողություն խնդրի: «Ուզում ենք՝ Թուրքիան Ցեղասպանությունը ճանաչի: Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիային մեկ քայլով առաջ կտանի դեպի դեմոկրատական երկրի կառուցումը»,-ասաց նա:










