Խորտակված «Սևոլ» նավը 3.600 տոննա բեռ է տեղափոխել՝ թույլատրելի 987 տոննայի փոխարեն. WSJ

13:00 • 24.04.14

Օրերս խորտակված հարավկորեական «Սևոլ» նավը բեռ է տեղափոխել, որի քաշը երեք անգամ գերազանցել է թույլատրելի ցուցանիշը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին։

 

Ճանապարհ ընկնելուց առաջ նավի ներկայացուցիչները ռադիոյով տեղեկացրել են Korea Shipping Association-ին, որ նավի վրա 3.600 տոննա բեռ կա: Ընդ որում՝ «Սևոլի» համար խորհուրդ տրվող առավելագույնը 987 տոննան է եղել: Korea Shipping Association-ից և նավագնացության նախարարությունից հրաժարվել են մեկնաբանություններ անել։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ վթարի պատճառով զոհերի թիվը հասել է 159-ի, ևս 143-ը համարվում է անհետ կորած։ Հայտնի է դարձել նաև, որ նավի օպերատորի՝ Chonghaejin Marine ընկերության աշխատակիցներին արգելել են երկրից դուրս գալ։ Քննիչները խուզարկում են անցկացրել ընկերության և դրա մասնաճյուղերի գրասենյակներում, ինչպես նաև օպերատորի սեփականատիրոջ բնակարաններում։