Պետք է պայքարել ժխտողականության դեմ, որպեսզի ցեղասպանությունները չկրկնվեն. Էդուարդ Շարմազանով

15:44 • 24.04.14

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ շատ կարևոր է թուրքական ժխտողականության դեմ պայքարը, որպեսզի հետագայում ցեղասպանությունները չկրկնվեն:


«Մենք տեսնում ենք, որ 99 տարի անց Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտողականության քաղաքականությունը, շարունակում են կեղծել պատմությունը և դեռևս պատրաստ չեն հաշտվել իրենց պատմության հետ: Առաջին հերթին դա կօգնի Թուրքիային և թուրք ժողովրդին: Ես համոզված եմ, որ հարյուրամյակին ընդառաջ մենք բոլորս՝ ընդդիմություն, թե իշխանություն, ռամիկ, թե ռանչպար, սփյուռքահայ, թե Հայաստանի բնակիչ, պետք է միաբանվենք և պայքարենք այդ մեծ ոճիրի դեմ»,- Ցեղասպանության հուշահամալիրում լրագրողներին ասաց Էդուարդ Շարմազանովը:


Նրա խոսքով՝ ժխտողականության դեմ չպայքարելը գրեթե խրախուսում է նշանակում:


Հարցին, թե ճիշտ արտաքին քաղաքականություն են վարում Հայաստանի իշխանությունները՝ Ազգային ժողովի փոխնախագահը պատասխանեց. «Այսօր այն օրը չէ, որ քննարկենք Հայաստանի իշխանությունների իրականացրած քայլերը: Արդեն ասացի, որ ընդդիմություն և իշխանություն՝ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հարյուրամյակին ընդառաջ ավելի միաբանված լինենք և աշխարհը պայքարի ժխտողականության դեմ: Իսկ այն, որ մարդկային հասարակության թիվ մեկ խնդիրն այն է, որ պետք է պայքարեն ցեղասպանությունների դեմ, որպեսզի նոր ցեղասպանություններ չլինեն, դա փաստ է: 21-րդ դարում ամենակարևոր հարցը մարդու իրավունքների պաշտպանությունն է»:


Tert.am-ի հարցին, թե ինչ գնահատական է տալիս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, թե Թուրքիայի իշխանությունները պետք է զերծ մնան այն հայտարարություններից, որոնք իրականությանը չեն համապատասխանում:
 


«Թուրքիայի իշխանություններն իրենց ժողովրդին, իրենց պետությանն ավելի կօգնեն, երբ օրինակ վերցնեն գերմանական իշխանություններից, ովքեր Երկրորդ աշխարհամարտից հետո ընդունեցին իրենց սխալը և ներողություն խնդրեցին հրեա ժողովրդից և ճանաչեցին հոլոքոստը: Դա է քաղաքակրթության ճանապարհը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: