Սլավյանսկ քաղաքի վրա հարձակում է սկսվել. ԶԼՄ-ներ
Սոցցանցերում ականատեսների տեղեկություններով՝ Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքի վրա հարձակում է սկսվել, հեռախոսային կապն անջատվել է, գրում է korrespondent.net-ը։
Ականատեսների հաղորդմամբ՝ ակտիվացում է սկսվել անցակետերում: Խարկով-Ռոստով մայրուղու վրա անցակետը փակ է, մեքենաները հետ են վերադառնում: Անցակետերում ակտիվացել է շարժը, հայտնվել են հրացաններով մարդիկ, նշված է Twitter-ի հաղորդագրության մեջ: Ականատեսները նաև նշում են, որ քաղաքում ինքնաթիռներ են թռչում:
Ավելի վաղ քաղաքի բնակիչները սոցցանցերում հայտնել են, որ Սլավյանսկում մարդիկ պատրաստվում են քաղաքի վրա հարձակման։
Տեղական ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ Սլավյանսկի մոտ ապրիլի 24-ի առավոտյան տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում երկու մարդ է սպանվել, ևս մեկը հոսպիտալացվել է: Ինչպես հաղորդվում է, առավոտյան Սլավյանսկի և Սվյատոգորսկի միջև տարածքում զինված մարդկանց խումբ է հայտնաբերվել: Անցակետից այդ ուղղությամբ խումբ է շարժվել: Տեղական ինքնապաշտպանության ներկայացուցիչների խոսքերով՝ այդ խմբի ուղղությամբ կրակ են բացել։










