Թող խոսք տան, որ ժողովրդին չեն թալանի, դա ավելի ընդունելի «մատաղ» կլինի. Վահրամ Մարտիրոսյան

22:32 • 24.04.14

Tert.am-ի հետ զրույցում գրող, հրապարակախոս, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանը, անդրադառնալով հարցին, թե ինչ պետք է անեն Հայաստանն ու Սփյուռքը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, նշեց. «Հայությունը, մենք բոլորս՝ մեր հերթին, նրանք, ովքեր Հայաստանի համար պատասխանատվություն են կրում, այսինքն՝ իշխանությունը՝ առաջին հերթին, եթե այս ապրիլի 24-ին խոստանանք հանուն զոհերի հիշատակի ինչ-որ բան անել, որը կզարգացնի մեր երկիրը, հայ մարդուն կպահի երկրում, թեկուզ անհատապես մեզ կզարգացնի, կարծում եմ՝ավելի ընդունելի «մատաղ» կլինի, քան դրոշ վառելը կամ Ծիծեռնակաբերդ բարձրանալը: Իսկ պաշտոնյաները, ովքեր ծաղիկներ են տանում Ծիծեռնակաբերդ, թող էդ կրակի մոտ խոսք տան, որ ժողովրդին չեն թալանելու, էս աղքատ երկրի բյուջեն չեն կողոպտելու: Էն դատավորներն ու մյուս իրավապահները, ովքեր էսօր դեմքի տխուր արտահայտություն են ընդունում ու թուրքերի դեմ կենաց խմում, թող խոստանան, որ արդար կլինեն, կպաշտպանեն անմեղ մարդկանց, ո´չ թե հանցագործներին… Էդ բոլորի արդյունքում մենք որակապես ուրիշ երկիր կդառնանք, իսկ որակապես ուրիշ երկիրը շատ ավելի մեծ հաջողությամբ կկարգավորի իր խնդիրները, էդ թվում՝ Ցեղասպանության… Էլ չեմ խոսում արտագաղթը կանխելու մասին, որը սպիտակ եղեռնի՝ ուծացման առաջին փուլն է:



- Վերջերս մի այսպիսի կարծիք լսեցի, որ մենք այնքան ենք կենտրոնացել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա, որ մեր միտքը դադարել է ստեղծագործել, պրպտուն լինել. համամի՞տ եք։


- Համամիտ եմ, որ ավելի առաջնահերթ խնդիրներ կան. այսօր Հայաստանը շատ ծանր վիճակում է, Մաքսային միությանն անդամագրվելով՝ այնքան է ինքն իրեն զրկել ինքնիշխանությունից, որ կարող է հերթական անգամ խաղալիք դառնալ Ռուսաստանի ձեռքին: Եվ ընդհանրապես՝ չի կարելի սևեռվել մահվան վրա, պետք է կյանքի վրա կենտրոնանալ։ Երբ անգլերեն «Արմենիա» բառն ես հավաքում Google-ում, առաջին տողով Genocide բառն է բերում: Դա սոսկալի է։ Մի ազգի բնութագրումը, այսպես ասած, «բրենդը» դարձել է Ցեղասպանությունը:


Մի բան էլ կա, որի մասին հաճախ եմ ասում, հիմա կրկնեմ. ի տարբերություն սփյուռքահայերի, որոնցից ամեն մեկն իր երկրում մի քանի ժամով է հայ, մնացած ժամանակ ֆրանսիացի է, ամերիկացի, լիբանանցի, էդ լեզվով է խոսում, էդ երկրի հոգսով ապրում, մենք՝ հայաստանցիներս, 24 ժամ ենք հայ, հետևաբար՝ կրկնակի, եռակի իրավասու չենք Ցեղասպանության խնդրի վրա սևեռվել: Միաժամանակ կարևոր է Ցեղասպանությունը ուրիշ խնդիրներին չհակադրելը՝ մեր ուժն ու եռանդը ճիշտ «տեղաբաշխելու» մասին է խոսքը։


- Ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ գնացող բազմության մեջ գերիշխող և ուղեկցող տրամադրություններից են նաև պաթոսն ու ցասումը: Արդարացվա՞ծ է սա, ըստ Ձեզ, այսօր:


- Դա ճիշտ էր սովետական տարիներին, երբ ուրիշ օրերի նույնիսկ՝ մեր ցավը արտահայտելու հնարավորություններն էին խիստ սահմանափակ։ Անկախ պետությունում ամեն օր կարող ենք խոսել, գործել, վերլուծել, որ ողբերգությունը չկրկնվի։ Ճիշտ է՝ 100-ամյա տարելիցը հոգեբանական սահմանագիծ է, որից հետո կարծես վաղեմության նոր չափանիշ է ի հայտ գալու՝ ժամանակը ո´չ թե տասնամյակներով, այլ՝ հարյուրամյակներով է հաշվվելու, բայց Ցեղասպանության ոճրագործությունը չպետք է մոռացվի, մինչև որ չհասնենք Թուրքիայի կողմից ճանաչման և փոխհատուցման… Նրանք չպետք է մարսեն հայ մարդկանց բարբարոսական սպանությունը, բնիկ ժողովրդի ոչնչացումը իր հայրենիքում։



- Մի հարց ևս. այն, ինչ արվում է Հայաստան-Սփյուռք-լոբբիստական խմբեր-Հայաստանի բարեկամներ մակարդակով ու շրջանակի մեջ, Ձեզ բավարարո՞ւմ է:


- Էդքան լավ չեմ տիրապետում նյութին, որ հստակ գնահատեմ, բայց տպավորություն ունեմ, որ Սփյուռքում կա խավ, որի համար Ցեղասպանության հարցը բիզնեսի ձև է։ Եթե համեմատենք այդ տիպի գրասենյակների ու այսօրվա Հայաստանի, նաև՝ հենց Սփյուռքի ուրիշ խնդիրների լուծմանը կոչված մարմինների թիվը, երևի կպարզվի, որ անցյալն ավելի շատ ռեսուրս է սպառում, քան ներկան:


- Այն ամենի համատեքստում, ինչ որ նշեցիք, Ձեր ասածից ստացվո՞ւմ է, որ ճիշտ կլիներ, որ 100-ամյա տարելիցը Հայաստանը դիմավորեր որպես ավելի լավ երկիր, ավելի ժողովրդավար, ավելի լավ սոցիալական վիճակ ունեցող մարդկանցով…

- Անպայման։ Ժողովրդավար, ստեղծագործ, ինքնիշխան։ Երջանիկ՝ ի հեճուկս թշնամիների...