Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

13:32 • 25.04.14

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ, այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:


Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար: Վարչապետը ողջունել է ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը:


Կոնգրեսականները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:


Նրանք նշել են, որ իրենց համար մեծապես կարևոր էր ապրիլի 24-ին գտնվել Երևանում և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


«Մենք մեր զորակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին, որին, չնայած բազմաթիվ զրկանքներին, հաջողվել է մեծ կամքի և տոկոնության շնորհիվ պահպանել և զարգացնել իր մշակույթը»,- նշել է Էդ Ռոյսը:


Հովիկ Աբրահամյանը, կարևորելով հայ-ամերիկյան համագործակցությունը, նշել է, որ որպես վարչապետ իր առաջնայնություններից է ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցության ամրապնդումն ու հետագա զարգացումը:


Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը և տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն աջակցություն ցուցաբերելու համար:


Զրուցակիցները կարևորել են երկկողմ տնտեսական կապերի հետագա զարգացումը, մասնավորապես ընդգծելով առևտրաշրջառանության ծավալների ընդլայնման և ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:


Վարչապետը, խոսելով առաջիկա ծրագրերի մասին, նշել է, որ իրականացվելիք տնտեսական քաղաքականությունը հաստատակամորեն ուղղված է լինելու հավասար մրցակցային պայմանների ամրապնդմանը:


Այդ առումով, կոնգրեսականները համոզմունք են հայտնել, որ դա կնպաստի ամերիկյան տարբեր ընկերությունների կողմից ներդրումների ներգրավմանը:


Այնուհետև Հովիկ Աբրահամյանը կոնգրեսականներին մանրամասն ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը:


Միաժամանակ, կառավարության ղեկավարն անընդունելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ԼՂ խնդրի հետ կապելու գործելաոճը: