Մենք ոչ թե 6, այլ 76 ենք եղել. Ա. Բաղդասարյանը բացատրեց, թե ինչու էին 6 պատգամավորով հավակնում վարչապետի պաշտոնին (թարմացված)
16.27
Մենք 6 չենք եղել, 76 ենք եղել. Ա. Բաղդասարյանը բացատրեց, թե ինչու էին 6 պատգամավորով հավակնում վարչապետի պաշտոնին
«Ինձ մեկ-մեկ հարցնում են՝ պարո՛ն Բաղդասարյան, վեց պատգամավորով հավակնում էիք վարչապետի պաշտոնի՞ն», ես պատասխանել եմ՝ «բայց չէ՞ որ մենք 6-ը չենք եղել, մենք եղել ենք 76-ը, մենք եղել ենք քաղաքական կոալիցիա, թե՞ մտածում են՝ 6 կարելի է հաշվել այն դեպքում, երբ անհրաժեշտ է, երբ որ բյուջեն է քվեարկվում՝ 70 ձայնով: Իսկ երբ որ բազմաթիվ վիճահարույց քվերակություններ կյանքի են կոչվում ՕԵԿ-ի քվեներով … Սա մեր կողմի կողմից փաստարկված, ազնիվ, շիտակ որոշում է: Ասում ենք՝ ժողովուրդ ջան, գործընկերներ, շնորհակալ ենք մեր անցած ճանապարհի համար, մենք գնում ենք մեր ճանապարհով: Մենք ասում ենք՝ մենք որևիցե մեկի տեղը չենք զբաղեցնում, մենք ունենք քաղաքական դաշտում մեր տեղը, մեր քաղաքական նոր օրակարգը, որ մենք ժողովրդին կներկայացնենք»,-հայտարարեց Արթուր Բաղդասարյան։
Նա իր խոսքն ամփոփեց ասելով, որ կա Հանրապետական կուսակցություն, որն ունի բացարձակ մեծամասնություն,որին իրենք հաջողոթյուն են մաղթում:
Արթուր Բաղդասարյանն այնուհետև ասաց, որ ինքն ու իր ներկայացրած քաղաքական ուժը 100 օր կսպասեն՝ տեսնելու, թե նոր կառավարությունն ու վարչապետն ինչ աշխատանք են կատարում, որից հետո միայն կտան իրենց գնահատականը։
«Հա, ի դեպ, Շարմազանովը հայտարարել էր, որ նոր վարչապետը պետք է բոլորի համար ընդունելի ու սիրված անձ լինի։ Մենք Հովիկ Աբրահամյանի հետ անցել ենք համատեղ ճանապարհ, կառավարությանը չենք խանգարելու, կսպասենք հարյուր օրվանն ու կտանք գնահատականը»,- ասաց ԱԱԽ արդեն նախկին քարտուղարը՝ նշելով, որ նոր կառավարությունը պետք է ավելի նախաձեռնողական տնտեսական քաղաքականություն վարի։
ՕԵԿ առաջնորդը ևս չի գտնում, որ այսօր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա: «Մենք ունենք այսօր ժողովրդի կուտակած լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք առավել հրատապ լուծում են պահանջում, բայց միևնույն ժամանակ, որպես քաղաքական ուժ, մենք պատրաստ ենք այդ քննարկումներին մասնակցել և մեր մոտեցումները ներկայացնել»,– նշեց նա:
Ինչ վերաբերում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությանը գնահատականներ տալուն, ապա նա ասաց, որ ՕԵԿ-ը եղել է այդ կառավարության մեջ, բայց ինքը գտնում է, որ այդ կառավարության հրաժարականը հիմնավորված էր և նույնիսկ՝ ուշացած:
«Դուք հիշում եք հանրապետության Նախագահի հայտարարությունը 7 տոկոսանոց տնտեսական աճի մասին, մինչդեռ այն կազմեց ընդամենը 3,5 տոկոս եթե չեմ սխալվում, ես ինքս ավելի նախաձեռնողական քաղաքականության կողմնակից եմ»,- նշեց «Օրինաց երկրի» առաջնորդը»:
15.20
Այդուհանդերձ, Արթուր Բաղդասարյանն իր աշխատավայրը կլքի հաջորդ շաբաթ: «Ես հաջորդ շաբաթվա մեջ կունենամ մի քանի հանդիպում, շնորհակալություն կհայտնեմ իմ գործընկերներին, այն մարդկանց, ում հետ ես աշխատել եմ, հրավիրելու եմ այստեղ նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Հեռանալիս, գիտ՞եք ինչ կա, երախտիքի խոսք է պետք, ցիվիլ ձևով նրան կհանձնեմ իմ հրաժարականի դիմումը, դրանից հետո մի քիչ կվայելեմ իմ ազատությունը»,- ասաց նա։
Արթուր Բաղդասարյանը նշեց, որ այս տարիների ընթացքում իրեն ինչ դղյակներ ասես վերագրել են: «Ես հիմա իմ վեց հոգանոց ընտանիքով տեղափոխվելու եմ երեք սենյականոց բնակարան, արդեն հաջորդ շաբաթ: Հիմա ներկում են պատերը, վեց տարի չենք ապրել այդտեղ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ պատրաստվում է փոքրիկ տուն կառուցել իր համար:
Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն իրեն առաջարկել է մնալ ԱԱԽ պաշտոնում, եթե անգամ ՕԵԿ-ը դուրս է գալիս կոալիցիայից, սակայն ինքը չի համաձայնել:
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսին։
ԱԱԽ այլևս նախկին քարտուղարն իր ելույթում նշեց, որ ինչպես 2008-ին «ՕԵԿ»-ը մտավ կոալիցիա ժողովրդի համար, այնպես էլ հիմա դուրս են գալիս ժողովրդի համար: Արթուր Բաղդասարյանը հավելեց, որ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ ընկերներ են, բայց իրենք գնում են իրենց ճանապարհով, նրանք` իրենց:
«Մենք ուզում ենք ազատություն, մարդը դրա կարիքը զգում է այն ժամանակ, երբ զգում է դրա պակասը, մենք գնում ենք մեր օրակարգով»,-ասաց նա:
Նա հայտարարեց, որ այսօր Ազգային անվտանգության խորհուրդը կայացած ինստիտուտ է, իսկ ԱԺ ՕԵԿ խմբակցությունը արդյունավետ քաղաքական ուժ, որը շուրջ 200 մայր օրենքներ է հեղինակել:
Հիշեցնենք, որ ս. թ. ապրիլի 16-ին տեղի էր ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ որոշում էր կայացվել, որ ՕԵԿ-ը դուրս է գալիս իշխող կոալիցիայից և կոալիցիոն կառավարության մաս չի կազմելու:
Ավելի ուշ ՕԵԿ քվոտայով նախարարները՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, քաղաքաշինության արդեն նախկին նախարար Սամվել Թադևոսյանը և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը դադարեցրին իրենց անդամակցությունը «Օրինաց երկրին»:










