«Ֆեյքերի դեմ» անվանումն ստացած նախագիծը 1 տարով հետաձգվեց ԶԼՄ-ների մտահոգությունների պատճառով
Պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Գալուստ Սահակյանի, Նաիրա Զոհրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի և այլոց՝ «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի ընդունումը մեկ տարով հետաձգվում է լրագրողական կազմակերպությունների ու խմբագիրների կողմից բարձրացված մտահոգությունների պատճառով:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց օրենքի համահեղինակ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով. «Կարծում եմ՝ տրամաբանական էր նախագիծը մեկ տարով հետաձգելը, որովհետև մեր գործընկեր լրատվամիջոցները լուրջ մտահոգություն ունեին նախագծի առնչությամբ: Ի սկզբանե իմ՝ որպես նախագծի համահեղինակի համար գերակա է եղել մեկ նպատակ՝ փորձել կարգավորել անպատասխանատու խոսքի, զազրախոսության և վիրավորանքի խնդիրը: Եթե մեր գործընկերներ լրագրողները գտնում են, որ օրենսդրական նոր կարգավորման անհրաժեշտություն չկա, քավ լիցի, ինքս բացարձակ խնդիր չեմ տեսնում՝ պնդելու այս նախագիծը այս տարբերակով»,-հայտարարեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններից պատգամավորների համահեղինակությամբ նախագծով նախատեսվում է լրատվամիջոցների նկատմամբ պատասխանատվություն սահմանել՝ Facebook սոցիալական կայքից անանուն օգտատիրոջ էջերի վիրավորական և զրպարտիչ բնույթի տեղեկատվությունը հրապարակելու համար, եթե վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնելու վերաբերյալ պահանջ ներկայացնելուց հետո լրատվամիջոցը անհապաղ, սակայն՝ ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, չի հեռացնում մեկնաբանությունը կամ հրաժարվում է հեռացնել այն:
Ի լրումն՝ մեկ այլ կետով նախատեսվում է, որ լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը վերարտադրելու համար պատասխանատվությունից, եթե ներկայացնում է այդօրինակ տեղեկատվության հեղինակին նույնականացնող տվյալներ:
Հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջ կողմից վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնելու վերաբերյալ պահանջը չկատարելու դեպքում տուժողն իրավունք ունի դատական կարգով հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջից պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը` հրապարակային ներողություն խնդրել, հեռացնել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը և վճարել վիրավորանքի կամ զրպարտության սույն հոդվածով նախատեսված չափի փոխհատուցում` անկախ մեկնաբանության հեղինակին պահանջ ներկայացնելու հանգամանքից:
Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որտեղ «հիմնական տանող ուժը» կլինեն լրատվամիջոցները:
«Կգտնե՞նք այնպիսի մեխանիզմ, որը որևէ կերպ չի վտանգի խոսքի ազատությունը և որևէ մտահոգության եզր չի լինի, որ սա կարող է դիտվել լրատվամիջոցի, խոսքի ազատության սահմանափակում, լավ, չե՞նք գտնի, ես որևէ խնդիր չեմ տեսնում՝ նախագիծն ընդհանրապես շրջանառությունից հանելու՝ ետ կանչելու հարցում։ Սա իմ անձնական տեսակետն է, չեմ կարող խոսել մյուս համահեղինակների անունից»,-ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
Նշենք, որ նախագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանի և մյուս համահեղինակների հետ կապվել չհաջողվեց, քանի որ Արփինե Հովհաննիսյանը Հայաստանում չէ, իսկ մյուսները չէին պատասխանում հեռախոսազանգերին:
Ի պատասխան հարցադրման, թե մեկ տարով հետաձգվում են այն նախագծերը, որոնց մասին հետագայում «մոռանում են», այսինքն՝ դրանք ետ են կանչվում, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ես կրկնում եմ՝ մեկ տարով հետաձգում ենք՝ աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով, որտեղ հիմնական դերակատարներն ու իդեա տվողները լինելու են մեր գործընկերները: Կգա՞ խումբը այն եզրակացության, որ գործող օրենքները բավարար են, լավ, կգա՞ եզրակացության, որ առանց խոսքի ազատությանը վնասելու կասկածի՝ հնարավոր է այս մտահոգությունը հաղթահարել, լավ»:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ Եվրոպայի խորհրդի պես կազմակերպությունում է նման նախագիծ քննարկվում, և ԵԽ ԽՎ նախագահ Անն Բրասորն է խոսում այն մասին, որ այդ հարցն արդեն խնդիր է դառնում ԵԽ ԽՎ երկրներում:
«Ընկրկեցի՞ն պատգամավորները, թե՞ ոչ» ,-այս հարցին ի պատասխան Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ընկրկել-չընկրկելու խնդիր չկա:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ օրենքի նախագիծը շրջանառության մեջ դրվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի և հանվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք, ԲՀԿ-ական պատգամավորը համարեց «դավադրությունների տեսության ամենախեղաթյուրված սցենար»:










