Իրանում բենզինի գներն աճել են 75%-ով
Իրանում երեկ կեսօրից վառելիքի գներն ավելացել են 75%-ով, ինչը պայմանավորված է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի սահմանած պետական սուբսիդիաների տրամադրման դադարեցմամբ, հայտնում է Reuters-ը։
Աղբյուրը հավելում է, որ գների 75%-անոց աճն այնուհանդերձ որևէ անկարգությունների ու բողոքի ակցիաների չի հանգեցրել երկրում։ Գործակալությունը նկատում է, որ սա բավական ռիսկային քայլ է երկրի նախագահ Հասան Ռոհանիի կողմից, ով այսկերպ հույս ունի բարելավել արևմտյան պատժամիջոցների պատճառով «խեղճացած» տնտեսությունը։
IRNA գործակալությունը մեջբերել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազիլի խոսքերը, ըստ որոնց իշխանությունները 2 ամիս շարունակ նախապատրաստել են բնակչությանը սպասվելիք թանկացումներին։
Այժմ այդ սուբսիդիաներին ուղղվող գումարները Ռոհանին մտադիր է ներդնել նոր աշխատատեղերի ստեղծման ու հատկապես երիտասարդության շրջանում գործազրկության թվի կրճատման գործում։










