Եվրոպայի եղնիկները դեռևս հիշում են «երկաթե վարագույրի» մասին. հետազոտություն
Թեև Արևմուտքի ու ԽՍՀՄ-ի միջև «երկաթե վարագույրն» ընկել է 25 տարի առաջ, սակայն, հավանաբար, «եվրոպացի» եղնիկներն այդ մասին տեղյակ չեն։
Ինչպես նշում է Euromag-ը, Արևելյան Եվրոպայում կոմունիստական կարգերի անկումից քառորդ դար անց Չեխիայի ու Գերմանիայի սահմանային գոտում բնակվող եղնիկներն առաջվա պես չեն համարձակվում հատել սահմանը։
7 տարի շարունակ GPS նավիգացիոն սարքերի միջոցով 300 եղնիկների միգրացիան ուսումնասիրած հետազոտողները պարզել են, որ այս կենդանիները նախընտրում են մնալ սահմանի այն կողմում։
Ուսումնասիրության ղեկավար Պավել Շուստրը նշել է, որ «չեխ ու գերմանացի» եղնիկներն առաջվա պես չեն հատում սահմանը, թեկուզ այժմ այնտեղ որևէ արգելք չկա։ Մինչդեռ «սառը պատերազմի» տարիներին սահմանին փշալարեր են եղել։
Հետաքրքրական է, որ եղնիկների կյանքի միջին տևողությունը 15 տարի է, ուստի ներկայիս կենդանիներից որևէ մեկը չէր կարող «հիշել» խորհրդային ժամանակաշրջանի «վարագույրը»։










