LifeNews-ը հայտնել է Դոնեցկում իր լրագրողների առևանգման մասին
LifeNews հեռուստաալիքը հայտնել է Ուկրաինայի Դոնեցկի շրջանում իր նկարահանող խմբի վրա հարձակման մասին։ Դաշնայնացման կողմնակիցների շարքերում ականատեսների հղումով՝ LifeNews-ը հայտնում է, որ լրագրողներ Յուլյա Պուստոպլեսնովայի և Միխայիլ Պուդովկինի վրա դիմակներով 30 մարդ է հարձակվել, երբ նրանք գնալիս են եղել ռուսամետ ակտիվիստի հետ հարցազրույցի։
Դաշնայնացման կողմնակիցների խոսքերով՝ լրագրողներին կապել են և տարել անհայտ ուղղությամբ: Նրանց կարծիքով՝ առևանգման հետևում կանգնած են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներն ու ուկրաինացի զինվորականները:
«Ես կողքով էի անցնում, մոտեցան մարդիկ, նրանք քաղաքացիական հագուստով էին և զենքով: Նրանց ծնկի են իջեցրել և վերցրել բոլոր իրերը: Ինձ տարել են հետևի բակ, ես լսեցի, որ օպերատորին և լրագրողին տարան: Յուլյան երկրորդ հարկում էր, նրանք օպերատորից հարցնում էին՝ որտե՞ղ է Յուլյան: Այնտեղ նաև բարձրահասակ տղամարդ կար, երեք մարդու տարան՝ երկու տղամարդու և մեկ կնոջ»,- հեռուստաալիքին պատմել է ականատեսներից մեկը։










