Անհետացած Boeing-ի որոնողական աշխատանքները տարիներ կտևեն. Պենտագոն
Արդեն 1 ամսից ավելի անհետացած մալայզիական Boeing 777 ինքնաթիռի որոնողական աշխատանքները, ըստ Պենտագոնի, տարիներ կտևեն։ Ինչպես նշում է Газета-ն, այս մասին Reuters գործակալությանը հայտնել են Պենտագոնից։
Նշվում է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը նման եզրակացության է հանգել՝ հիմնվելով նրա վրա, որ Bluefin-21 ստորջրյա սարքի միջոցով օդանավի բեկորների որոնողական աշխատանքները որևէ արդյունք չեն տվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավստրալիայի իշխանությունները տեղեկացրել էին, որ Bluefin-21-ի փոխարեն օգտագործելու են ավելի հզոր ջրատեղորոշիչ սարք, ինչպիսին որ օգտագործվել է «Տիտանիկի» որոնման աշխատանքների ժամանակ։
Աղբյուրը հիշեցնում է, որ Malaysia Airlines ավիաընկերության օդանավը, որում եղել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ, անհետացել է մարտի 8-ին՝ Կուալա Լումպուր-Պեկին չվերթի ժամանակ։ Թեև Մալայզիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ ինքնաթիռը վթարվել է, և բոլորը մահացել են, այնուհանդերձ դրա բեկորներն առայսօր չեն հայտնաբերվել։










