Հակաահաբեկչական գործողության դադարեցման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Արսեն Ավակով
Facebook-ի իր էջում Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը նկարագրել է երկրի արևելքում ընթացող հակաահաբեկչական գործողությունը, հայտնում է korrespondent.net-ը։
Ավակովը հստակեցրել է իր իսկ հրապարակումները։ Նա, մասնավորապես, հերքել է, թե Ուկրաինայում հակաահաբեկչական գործողությունը դադարեցրել են՝ Ռուսաստանի զինված ուժերի ներխուժման սպառնալիքի պատճառով:
Ըստ Ավակովի՝ գործողությունը շարունակվում է, և ահաբեկիչները պետք է գիշեր-ցերեկ զգուշանան: Գործողության հիմնական սկզբունքներից մեկը ռիսկերի հնարավորինս նվազեցումն է խաղաղ բնակչության համար: Նա նաև հստակեցրել է, թե զենքով պայքարում են ոչ թե այլախոհության, այլ ահաբեկիչների դեմ:
Ավակովը հերքել է նաև զգալի թվով ուժերի, այդ թվում՝ տանկերի և այլ ծանր տեխնիկայի ներգրավման մասին տեղեկությունը։










