Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը հերթական էր. քաղաքագետ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը, որով վերջինս դատապարտում է Թուրքիայի վարչապետի՝ ապրիլի 23-ի հայտարարությունը և խոստանում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կլինի Երևանում, հերթական էր. ամեն տարի նման հայտարարություններ լինում են: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
«Այս տարի ԱՄՆ-ի դեսպանը մինչ ապրիլի 24-ն ասում էր, որ Օբաման խիստ հայտարարություն է անելու, բայց կրկին ականատես եղանք հերթական հայտարարության: Մի բան պարզ է՝ Հայոց ցեղասպանության հանգամանքը գերտերությունների կողմից միանշանակ օգտագործվում է Թուրքիայի հետ հարաբերությունները հստակեցնելու համար: Իր հերթին Էրդողանը փորձում է քայլեր անել՝ մեղմացնելու հարաբերությունները գերտերությունների հետ: Դրա համար էլ հայտարարություններում որևէ նոր ու հետաքրքիր բան չկա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության առնչությամբ հայտարարությամբ էր հանդես եկել։
Իսկ այսօր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ հայերին ուղղված ցավակցական ուղերձը և այն անբավարար համարել: Վերջինս խոստացել է հաջորդ տարի՝ ապրիլի 24-ին, լինել Երևանում:
Հարցին՝ ինչ ազդեցություն կտա Ֆրանսիայի նախագահի ներկայությունը Երևանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Մանվել Սարգսյանը պատասխանեց.
«Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և, ինչ կա որ, կարող է հանգիստ այդ օրը լինել Երևանում: Չեմ կարծում, թե ճանաչման գործընթացի վրա որևէ ազդեցություն ունենա, բայց ճանաչումը, իհարկե, էական նշանակություն ունեցող հանգամանք է, թեև կարևոր է, որ Թուրքիան ճանաչի: Եթե Թուրքիան չի ճանաչում, էլ մնացածը նշանակություն չունեցող բաներ են»,-ասաց նա:










