Հակաահաբեկչական գործողության երկրորդ փուլի շրջանակներում Սլավյանսկ քաղաքը կշրջափակվի
Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողության երկրորդ փուլի շրջանակներում երկրի անվտանգության ծառայությունը որոշում է կայացրել զորքերով շրջափակել Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքը։
Միևնույն ժամանակ քաղաքը գրոհով վերցնել չեն պատրաստվում, հայտարարել են նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Պաշինսկին և անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ, հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Վասիլի Կրուտովը, գրում է Deutsche Welle-ն։
«Գործողությունը կշարունակվի, դրա նպատակը Սլավյանսկում ահաբեկիչների շրջափակումն է և խաղաղ բնակչության շրջանում զոհեր թույլ չտալը»,- ասել է Պաշինսկին:
Նա նաև ասել է, որ գիշերային հետախուզության տվյալներով՝ անջատողականներն իրենց կետերի մի մասը տեղակայել են մանկապարտեզներում և հիվանդանոցներում:
Համաձայն Կրուտովի հայտարարության՝ գործողության մասնակիցները չեն դիմի հարձակման՝ զոհերից խուսափելու համար: Նա նաև նշել է, որ իրենք ստիպված են աշխատել ոչ ստանդարտ պայմաններում՝ հիշատակելով «վերբովկա» եղածներին և տեղի բնակչությանը, որոնք դիմադրություն են ցույց տալիս գործողության իրականացման ժամանակ։










