Սլավյանսկում ահաբեկիչները գրավել են ԵԱՀԿ ներկայացուցիչների ավտոբուսը. Ուկրաինայի ՆԳՆ

21:05 • 25.04.14

Ուկրաինայի Սլյավյանսկ քաղաքում ահաբեկիչները գրավել են ԵԱՀԿ ներկայացուցիչներին տեղափոխող ավտոբուսը:


Ինչպես հաղորդում է УНИАН գործակալությունը` Ուկրաինայի ՆԳՆ-ի հասարակայնության հետ կապերի վարչությանը հղումով, պատանդները գտնվում են Ուկրաինայի անվտանգության ծառայության տեղական վարչության տարածքում: Ներկա պահին շարունակվում են բանակցությունները ռուսամետ ուժերի հետ: Նրանք հրաժարվում են բաց թողնել պատանդներին:


Հաղորդվում է, որ Կրամատորսկի կողմից Սլավյանսկ քաղաքի մուտքի մոտ անհայտ անձինք կանգնեցրել են 13 ուղևոր ունեցող ավտոբուսը, որոնցից 7-ը ԵԱՀԿ ներկայացուցիչներ են, իսկ 5-ը` Ուկրաինայի Զինուժի ներկայացուցիչներ և ավտոբուսի վարորդը:


Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հաղորդել էր, որ Դոնեցկի շրջանում ընդհատվել է կապը ԵԱՀԿ առաքելության անդամների հետ:


Հաղորդվում էր նաև, որ Ուկրաինայի ազգային գվարդիան փակել է բոլոր մուտքերը Սլյավյանսկ, որտեղ անջատողականները գրավել են վարչական կառավարման շենքը: