Գյումրու դեպոյի լոկոմոտիվային բրիգադները նախազգուշական գործադուլ են արել. գնացքը մեկնել է 1.30 ժամ ուշացումով (լուսանկարներ)
Գյումրու դեպոյի լոկոմոտիվային բրիգադներն ամբողջ կազմով` 80 հոգով, ինչպես և նախապես խոստացել էին, այսօր նախազգուշական գործադուլի են դուրս եկել, որը տևել է ժամը 8:00-ից մինչև 10:00-ը։ Այս մասին Tert.am-ին ասաց գործադուլին ներկա Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Ըստ նրա, գործադուլի են ելել մեքենավարները և մեքենավարների օգնականները, ովքեր պահանջել են բարելավել իրենց աշխատանքային պայմանները։ Նրանք արհմիության ղեկավարի միջոցով տեղեկացրել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցին գործադուլ անելու մասին։ Ավելի վաղ նրանք դիմել էին 12 կետերից բաղկացած պահանջագրով, որով առաջարկել էին բարելավել իրենց աշխատանքային պայմանները, այդ թվում` ավելացնել գործուղման վճարները՝ 3000 դրամից դարձնելով 6000 դրամ, ավելացնել աշխատավարձերը, հանել մի շարք պարտականություններ, որոնք իրենց չեն վերաբերում, վերացնել երկաթուղային պատահարների դեպքում բրիգադների աշխատակիցների քաշքշուկները՝ հեռավոր ոստիկանական բաժանմունքներ ներկայանալու համար, պահպանել պարգևագումարների չափերը, և այլն:
«Օրինակ, եթե երկաթուղում պատահար է լինում, վթար է, կամ չգիտեմ ինչ է, մեքենավարներին քարշ են տալի այս բաժանմունքից այն բաժանմունք, իրենց հետ վարվում են ինչպես մեղավորների հետ։ Կամ օրինակ, եթե վագոնները բեռնված չեն լինում իրենց ավելի քիչ են վճարում, քան թե բեռնված լինելու դեպքում, այն դեպքում, երբ աշխատանքի համար տարբերություն չկա, թե ինչքան մարդ կա վագոնում»,-ներկայացրեց Բարսեղյանը։
Ըստ նրա, այս առաջարկներին Վիկտոր Ռեբեցը պատասխանել է երեք էջանոց նամակով, որի բովանդակությունը ընդհանուր առմամբ չի գոհացրել Գյումրու դեպոյի լոկոմոտիվային բրիգադներին, այնուհետև նրանք նույն պահանջներով դիմել են համառուսաստանյան ղեկավար Յակունին, և 14-15 օր առաջ էլ որոշել են գնալ ծայրահեղ քայլի` մինչև անժամկետ գործադուլի հայտարարումը կազմակերպել նախազգուշական գործադուլ։
«Գյումիից էլեկտրագնացքը պետք է մեկներ Երևան 8։30-ին, բայց ոչ միայն չի մեկնել, այլ ընդհանրապես դեպոյից դուրս չի եկել, հենց այդ էլեկտրագնացքի մոտ էլ երկու ժամանոց գործադուլ են հայտարարել 80 աշխատակիցներ: 10։02 րոպեին արդեն գնացքը շարժվել է»,-նշեց նա։
լուսանկարները` Լևոն Բարսեղյանի










