Դուբայի լողափերում 2 տարվա ընթացքում մոտ 20.000 մարդ է ձերբակալվել

16:34 • 20.08.14

Դուբայի ոստիկանությունը նախազգուշացմամբ է հանդես եկել լողափեր այցելող հանգստացողների հասցեին: Նույնիսկ սովորական լողացողներին և հանգիստ արևայրուք ընդունողներին ձերբակալություն է սպառնում, եթե նրանք բարոյական հիմքերը խաթարող անթույլատրելի վարք դրսևորեն, գրում է newsru.com-ը։

 

Սովորաբար «լողափային ձերբակալությունների» պատճառը դառնում են այնպիսի սխալները, ինչպես հանգստացողներին նկարահանելը, ներքնազգեստով լողալը և սեռական ոտնձգությունները կանանց հանդեպ, հայտարարել է Դուբայի ոստիկանության տուրիստական վարչության ղեկավար գնդապետ Մուհամմադ Ռաշիդ ալ Մուհեյրին։

 

Նրա խոսքով՝ վերջին 2 տարվա ընթացքում Դուբայի լողափերում ձերբակալվել է ավելի քան 20.000 մարդ։ Միայն այս տարի իրավապահները ձերբակալել են 5.000 մարդու, որոնց տուգանքներ են նշանակվել կամ դատապարտվել են ազատազրկման։