Ռովշան Աքպերովն իրավունք չունի զինվորական կոչվելու. Մովսես Հակոբյանը՝ Կարեն Պետրոսյանի սպանության մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը կարծում է, որ Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը իրավունք չունի զինվորական կոչվելու: Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը ԼՂՀ ՊԲ հրամանատարը, անդրադառնալով Ադրբեջանում գերեվարված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի հարցաքննությանը և այնուհետև սպանությանը, ընդգծեց, որ ամաչում է նման հակառակորդ ունենալու համար: «Ես ընդանրապես միշտ հարգանքով եմ վերաբերում իմ հակառակորդին և առիթ ունեցել եմ մի քանի անգամ ասելու, որ ինձ բախտ է վիճակվել նաև նամուսով հակառակորդի հետ կռվել, բայց այս պարագայում ափսոսում եմ, որ հակառակորդս այդպիսի մարդ է։ Նման մարդը զինվորական ուսադիր կրելու իրավունք չունի, որ երկրում ուզում է՝ լինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Հակոբյանը։
Դիտարկմանը, թե Աքպերովը նույնպես գեներել-լեյտենանտի կոչում ունի, ինչպես ինքը, Մովսես Հակոբյանն արձագանքել է. «Կարծում եմ՝ նա դեռ շատ հաց պետք է ուտի իմ կոչմանը հասնելու համար»:
ՊԲ հրամանատարն ընդգծել է, որ գեներել-լեյտենանտը և, առհասարակ, ցանկացած զինվորական իրավունք չունի իրեն այդպես պահել:










