Նախախորհրդարանը հոկտեմբերին կձևավորի այլընտրանքային խորհրդարան. Վարդան Հակոբյան

19:57 • 20.08.14

Հոկտեմբերի կեսերին Նախախորհրդարանը կձևավորի այլընտրանքային խորհրդարան, ինչը Հայաստանի պատմության մեջ կլինի առաջինը: Այս մասին Tert.am-ին ասաց Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը:


«Հետո կլինի հաջորդ փուլը, զուգահեռ մենք քաղաքական դաշտ կհանենք այլընտրանքային խորհրդարան, որը ժամանակի ընթացքում ավելի ծանր կշիռ կունենա»,-ասաց նա:

 

Անդրադառնալով Նախախորհրդարանի նախաձեռնած մարզային այցելություններին՝ Վարդան Հակոբյանը նշեց, որ դրանց նպատակը ինֆորմացիայի փոխանակումն է, և իրենք չորս աշխատանքային խմբով աշխատում են զուգահեռ բոլոր ուղղություններով. «10 հոգի Վանաձորում ինքնաառաջադրվել է որպես հիմնադիր խորհրդարանի պատգամավոր, և մենք գնացել էինք իրենց հանդիպելու, ընդհանուր քայլերը ներկայացնելու և ճանապարհային քարտեզի շուրջ առաջացող բոլոր հարցերին պատասխանելու»:


Ըստ նրա՝ մարդիկ, ովքեր ուզում են երկրում իրական փոփոխությունների գնալ, առաջադրվում են և համալրում իրենց շարքերը, և նրանց թիվը գնալով ավելանում է:


Վարդան Հակոբյանը նաև նշեց, որ այլընտրանքային խորհրդարանում այսօր պետական կառավարման համակարգում գործող որևէ անձ ներառված չէ: «Ճիշտ է, հիմա մեր ինքնաառաջադրվողներին չեն ճանաչում, բայց նրանք բոլորն էլ ուրախ են, որ պետական համակարգից կամ կուսակցություններից որևէ մեկը ներառված չէ այլընըտրանքային խորհրդարանում»,-ասաց նա: