Պարույր Հայրիկյանը սեպտեմբերի 8-ից հացադուլ կանի՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի քաղաքականության
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը սեպտեմբերի 8-ից դիմելով հացադուլի՝ կասի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, որ երկրում ստեղծված պայմաններում հարկավոր է հրաժարական տալ: Tert.am-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանն ընդգծեց, որ ձախողված քաղաքական գործիչը աշխարհի բոլոր երկրներում պարտավոր է հեռանալ:
«Ապահով Հայաստան արձանագրելուց հետո ինչքա՞ն զոհ ենք ունեցել սահմանին, տասնյակ հազարավոր մարդիկ հեռացել են Հայաստանից, Եվրոպական միության հետ երկրի հարաբերությունները սերտացնելու փոխարեն Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ դարձած կուսակցության ղեկավարը հրաժարվեց ԵՄ-ից ու գնում է դեպի անհայտություն: Մեր ռազմավարական գործընկերն այսօր մեր հարևանին 100 անգամ ավելի շատ զենք է վաճառել, քան Եվրոպական միությանը, որը նույնպես ռուսական զենք է գնում: Այդպիսի դաշնակցի հետ հարաբերությունների խորացումը ևս վկայում է ձախողված քաղաքականության մասին: Ինձ համար ամենէականն այն է, որ նա ձախողեց Եվրոպական միության հարցում և ձախողվեց նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու հարցում, չնայած վերջինս ինքնին արդեն ձախողում է»,-ասաց Պարույր Հայրիկյանը:
Դիտարկմանը, թե 2013թ-ի նախագահական ընտրություններին, երբ իր դեմ մահափորձ էր իրականացվել, ու ինքը հայտնվել էր հիվանդանոցում, հնարավորություն ուներ հետաձգելու ընտրությունների օրը և այդպիսով միգուցե՝ փոխելու ընտրությունների ելքը, բայց չարեց դա, ԱԻՄ ղեկավարն ընդգծեց, որ այս կարծիքը իրականում մոլորություն է. ինքն ընտրությունների օրը հետաձգել չէր կարող:
«Ընտրությունները կարող էր հետաձգել միայն Սահմանադրական դատարանը: Այդ մոլորության մասին ես չեմ խոսել, որովհետև այն ժամանակ Սերժ Սարգսյանը դեռևս եվրոպական կողմնորոշումից չէր հրաժարվել, ու ես հենց այնպես չէի կարող ասել՝ դու ձախողված ես: Այն ժամանակ նա ուղիղ գծով գնում էր դեպի Եվրոպական միություն: Այն ժամանակ ընտրության պահ էր, հիմա՝ ձևավորված իշխանության սխալ քաղաքականության քննարկման հարց: Ես այն ժամանակ կարող էի դիմումս ետ չվերցնել ՍԴ-ից, թեև ասում էի, որ դիմում էի միասնական թեկնածու ձևավորելու համար, բայց ես դրանով նրան իշխանությունից հեռացնել չէի կարող, այնինչ միասնական թիմ կարող էի ձևավորել, բայց չէի պատկերացնում, որ Րաֆֆին ու Հրանտ Բագրատյանը իրենց այդպես կպահեն: Ես ասացի, որ եթե մենք միասնական թիմ ձևավորելու հարց ունենանք, մեզ մի քիչ ժամանակ է պետք, ես Սահմանադրության հնարավորությունը կփորձեմ օգտագործել, բայց տեսա, որ նրանց արձագանքը համարժեք չէ, և երկրորդ՝ ՍԴ-ն կարող է և որոշում չընդուներ երկարացնելու մասին: Կարճ ասաց՝ այդ հնարավորությունը հնարավորություն չէր»,-ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե նախապես 20 օր առաջ ինչու՞ է հայտարարում հացադուլի մասին, ո՞րն է նպատակը, արդյո՞ք ակնկալում է, որ իրեն կմիանան քաղաքական ուժեր կամ անհատներ, նշեց, որ իրեն երբևէ չեն միացել, և այդ հարցով չի մտահոգվում:
«Մի երկու տարուց կնշեք ազգային քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի լրջագույն քաղաքականությամբ զբաղվելու կես դարը: Սա մարդկության պատմության մեջ էլ բացառիկ է: Ու հանկարծ այդ մարդը քնից զարթնում ու ասում է, որ հացադու՞լ է հայտարարում: Չէ´, ես նախազգուշացնում եմ Նախագահին, որ պարտավոր էր արձագանքել ո´չ միայն իմ, այլ նաև՝ մեր կազմակերպության ուղերձին, որն ուղղել էինք դեռևս հուլիսի 10-ին, որովհետև դա հիմնավորապես նրան ներկայացվել է ու ժամանակ է տրվել արձագանքելու: Միաժամանակ՝ ունեմ գաղափարակիցներ, զինակիցներ, շատ մարդիկ էլ դեմ են, բայց ես էլ ասում եմ՝ ինչու՞ եք այդքան մեծացնում այդ երևույթը, ի՞նչ մի մեծ երևույթ է, հացադուլ է , որի միջոցով ուշադրություն ես բևեռում այդ հարցի վրա: Ես ինձնից կախվածը այսօր պետք է անեմ»,-ասաց նա:










