Իրաքյան Քուրդիստանի ներկայացուցիչները վերսկսել են աշխատանքն Իրաքի կառավարությունում
Իրաքի կառավարությունում քրդական դաշինքի ներկայացուցիչները հուլիսի 11-ից ի վեր առաջին անգամ վերադարձել են աշխատանքի: Այդ մասին հայտարարել է անցած ամիս բոյկոտի մասին հայտարարած հանրապետության արտգործնախարար Խոշիյար Զիբարին, գրում է ИТАР-ТАСС-ը:
«Քուրդ նախարարները, ովքեր դադարեցրել էին իրենց աշխատանքը (նախկին վարչապետ) Նուրի ալ Մալիքիի կառավարությունում, վերադարձել են աշխատանքի»,- ասել է դիվանագետը:
Նրա տվյալներով՝ նախարարների որոշումը կապված է ալ Մալիքիի պաշտոնից հեռանալու հետ: Սպասվում է, որ նախարարությունների ղեկավարները կզբաղեցնեն իրենց պաշտոնները մինչ նոր կառավարության ձևավորումը, ինչը նախագահ Ֆուադ Մաասումը հանձնարարել է վարչապետ Հեյդար ալ Աբադիին:
Քուրդ նախարարները բոյկոտ էին հայտարարել, երբ ալ Մալիքին հայտնել էր, որ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլը դառնում է հենակետ «Իսլամական պետություն» խմբավորման համար:










