Վրաստանի իշխանությունների գործողությունները հիասթափեցնում են. ՄքՔեյն

16:40 • 20.08.14

Ամերիկացի սենատոր Ջոն ՄքՔեյնը հայտարարել է, որ ինքն անհանգստացած է այն փաստով, որ Վրաստանի կառավարությունն ավելի խիստ դիրքորոշում չի ընդունում Ռուսաստանի հանդեպ՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:

 

ՄքՔեյնը հայտարարել է այդ մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցի ընթացքում, գրում է Грузия Online-ը:

 

«Ինձ անհանգստացնում է այն, որ Վրաստանը չմերձենա Ռուսաստանի հետ: Կառավարությունը չի դատապարտել Պուտինի գործողություններն Արևելյան Ուկրաինայում: Դա աներևակայելի է, դա անընդունելի է ինձ համար»,- նշել է ՄքՔեյնը:

 

Սենատորը խոսել է նաև Վրաստանում իրավական գործընթացների մասին: Նա նշել է, որ հիասթափված է իշխանությունների գործողություններից, և հավելել, որ այդ գործընթացները կազդեն վրաց-ամերիկյան հարաբերությունների վրա:

 

«Ես շատ հիասթափված եմ: Նոր կառավարությունը համոզել է ինձ, որ անցյալը հետևում կթողնի: Վրաստանը երկարատև տնտեսական, ժողովրդավարական ճանապարհ է անցել, ազատ և արդար ընտրություններ է անցկացրել, և այժմ այդ գործողությունները հիասթափեցնում են: Դրանք կազդեն Վրաստանի հետ Ամերիկայի հարաբերությունների վրա»,- հայտարարել է ՄքՔեյնը: