Սահմանը պետք է ոչ միայն զինվորներով, այլ`բնակիչներով ամրապնդվի. կարծիքներ՝ «սահմանապահ» գյուղերին վերաբերող օրենքի մասին
Ադրբեջանի հետ 153 կիլոմետր սահման ունեցող Գեղարքունիքի մարզի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը երկու ձեռքով կողմ է կառավարության և Ազգային ժողովի խմբակցությունների կողմից «սահմանապահ» գյուղերի խնդիրներին օրենսդրական լուծումներ տալուն կոչված նախաձեռնություններին, բայց կարևորում է, որպեսզի օրենքը ծառայի իր նպատակին ու հանկարծ չդառնա հարկերից խուսափելու միջոց:
Tert.am-ի հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե իր՝ մարզպետի հայացքով ո՞ր լուծումները կարող են լինել ամենաարդյունավետը և օպտիմալը, սահմանամերձ գյուղերի բնակչությանը ոչ միայն տեղում պահելու, այլև նրանց համար արժանապատիվ կյանք ապահովելու համար, Ռաֆիկ Գրիգորյանն ասաց. «Իհարկե, ցանկացած օգնություն կարիք զգում են սահմանապահ գյուղերը, բայց կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ որոշակի առանձին մոտեցում ցուցաբերվի հարկերից ազատելու, ազատ տնտեսական գոտու գաղափարը, և այլն: Բայց դա պետք է նպատակին ծառայի, մարդիկ չփորձեն դա օգտագործել որպես հարկերից խուսափելու միջոց, այլ՝ աշխատեղեր կբացեն, մարդիկ կաշխատեն, որ սահմանը ոչ միայն զինվորներով ամրապնդվի, այլ նաև բնակիչներով»:
«Իսկ գյուղացին ի վիճակի՞ է զբաղվել բիզնեսով, թե՞ մտավախություններ ունի, որ ինչ-որ մարդիկ կգան Երևանից ու կհաստատվեն այդտեղ՝ հարկերից խուսափելու համար». այս հարցին ի պատասխան մարզպետը չթաքցրեց, որ գյուղացիներն իրենք այդ հնարավորություններին այնքան էլ չեն տիրապետում ու ասաց. «Պարտադիր չէ, որ գյուղացին չի կարող… Թող մարդիկ գան և ներդրումներ կատարեն և դրանք կլինեն հասցեական՝ որպես սահմանամերձ գյուղերի: Իսկ գյուղացիներն իրենք կաշխատեն այդ բիզնեսի հետ»:
Հարցին, թե մարզպետը հակված է ոչ թե մարզում եղած նախկի՞ն արտադրական հզորությունների վերականգնմանը, թե նորերի ստեղծմանը, մարզպետը նշեց, որ դա արդեն առաջարկ-պահանջարկի խնդիրն է, և ներդրողները ավելի կոնկրետ կհասկանան ու հաշվարկ կանեն՝ ինչն է ավելի հարկավոր մարզի համար՝ առաջնահերթ:
«Բայց կարծում եմ՝ ավելի նպատակահարմար կլինի, որ մարդիկ փորձեն օգտագործել հնարավորությունը տեղական հումքի վրա ինչ-որ բիզնեսներ դնելու համար, արդեն նրանք, ովքեր զբաղվում են դրանով, այդ հաշվարկները կանեն»,-ասաց մարզպետը, ով առաջարկում է այնպիսի առաջնահերթ լուծումներ տալ այնպիսի համայնքներին, ինչպիսին Վահան համայնքն է:
Գեղարքունիքի մարզպետը ավելացրեց, որ այս տարի վեց ամսվա կտրվածքով ծնելիության ավելացում է գրանցվել և կանխատեսումներն այնպիսին են, որ դա ավելանալու է:
Սակայն, ի պատասխան հարցի, թե օրենսդրական փոփոխություններից հետո «ամենաշատ խոպան գնացող մարզի» կարգավիճակը Գեղարքունիքը կպահպանի՞, մարզպետն արձանագրեց, որ Գեղարքունիքի մարզից արտագնա աշխատողները գնացել են խորհրդային տարիներին և շարունակել են գնալ, որովհետև առանց արտագնա աշխատանքի հնարավոր չէ տեղում եկամուտ ապահովել Գեղարքունիքի մարզում:
Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն էլ տեսակետ հայտնեց, որ օրենսդրական լուծումների կարիք չկա, քանի որ այն բոլոր քաղաքական միջոցառումներն ու ծրագրերը, որոնք խելամիտ են, կառավարությունը հիմա էլ իրականացնում է:
«Մենք ներքին քննարկումներ ունեցել ենք կառավարությունում, մեր կարծիքը հարցրել են։ Ես, օրինակ, այն կարծիքին եմ, որ նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն չկա, որովհետև մինչ այժմ արդեն իսկ ընդունվել է և գործողության մեջ են դրվել սահմանամերձ տարածաշրջաններին վերաբերող երկու առանձին օրենքներ և այդ օրենքների տրամաբանությունից, ինչպես նաև՝ կառավարության ծրագրերից իրականացնում ենք կոնկրետ ծրագիր»,-ասաց նա։
Մարզպետն այս համատեքստում առանձնացրեց, մասնավորապես, Խաչիկ սահմանամերձ համայնքը, որտեղ տարիներ շարունակ պետական միջոցներով աջակցություն է ցուցաբերվում բնակարանաշինությանը և յուրաքանչյուր անգամ, երբ կառավարությունը Վայոց ձորին միջոցներ է հատկացնում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների նպատակով, աջակցում են այդ ծրագրին:
Մարզպետը հավելեց նաև, որ անցած տարվանից կառավարությունը սահմանամերձ գյուղերի հողային գոտում գտնվող հողատարածություններն ամբողջությամբ ազատել են հողի հարկից և 50 տոկոսով՝ ոռոգման ջրի վարձավճարը վճարելուց:
Ինչ վերաբերում է մարզում բիզնես ներդրումներին, ապա մարզպետը հայտարարեց, որ մարզում գյուղատնտեսական արտադրանքից բացի, լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն կարող են ունենալ, բայց դրանք առանձին նախաձեռնություններ են, որոնք որևէ կերպ չեն առնչվում և չպետք է ասոցացվեն պետական քաղաքականության հետ:
Նշենք, որ մարզում կան 13 «սահմանապահ» համայնքներ, որոնք անմիջապես գտնվում են սահմանին, չնայած դրան, լքված բնակավայրեր չկան:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Tert.am-ի հետ զրույցում ներկայացնելով օրենքի հիմնական գաղափարախոսությունը, որ մշակում են վեց խմբակցությունների հետ համատեղ, ըստ էության ասաց, որ կան մաքսիմալիստական և մինիմալիստական տարբերակներ, որոնց ընդհանուր արժեքը, ըստ նախնական հաշվարկների, կազմում է 1-2 միլիոն ԱՄՆ դոլար:
«Դա դեռևս քննարկման փուլում է, մենք առաջարկներն ենք ուղարկել, երկու տարբերակ կա՝ հարկերից ազատում կամ ընդհանրապես վարձավճարներից ազատում, դասագրքերի անվճար տրամադրում, միանվագների ավելացում, այսինքն՝ բոլոր այն հարցերում, որ կարելի է տարբերություն դնել ոչ սահմանամերձների ու սահմանամերձների միջև, մենք աշխատում ենք, որ բոլոր ոլորտներում դիտարկվեն: Պետք է լինի շահագրգռվածություն, որպեսզի նաև բնակչության խտացում լինի ու մարդիկ իմանան, որ այնտեղ անելիք ունեն»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Ինչ վերաբերում է ազատ տնտեսական գոտիների ստեղծմանը, ապա Վահան Բաղդասարյանն ասաց, որ նախ դիտարկեն բյուջեի հնարավորությունները: Հիշեցնենք, որ նախագիծը 6 քաղաքական ուժերի ստորագրությամբ ներկայացվել է կառավարություն:
Վահրամ Բաղդասարյանը հույս ունի, որ մինչև 2015 թվականի բյուջետային տարվա հատկացումներին վերաբերող քննարկումները նախագիծը պետք է օրենքի ուժ ստանա՝ հաշվի առնելով հրատապությունը:
Նշենք, որ այսօր կառավարության հավանությանն արժանացավ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի փոփոխությունները, որով համայնքի տարածքում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելիս համայնքի ավագանին կարող է առաջնորդվել գոտիավորման սկզբունքով, ընդ որում՝ տարբեր տուրքերի համար կարող են սահմանվել տարբեր գոտիավորումներ:










